Նոյեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ «Երևանյան Հեռանկարներ» փառատոնի Հայոց Մեծ Եղեռնի հարյուրամյա տարելիցի հիշատակման և հանրայնացման եզրափակիչ համերգը: Հայաստան էին ժամանել "The Academi of Saint Martin in the Fields" բրիտանական խումբը և աշխարհահռչակ ջութակահար Ջոշուա Բելլը: Փառատոնի համերգաշարն անցկացվում էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Համերգը վարում էր հաղորդավարուհի, գեղեցկուհի Լիլի Ավագյանն, ով YN.am-ի հետ զրույցում կիսվեց իր տպավորություններով:

Սա իմ առաջին համագործակցությունն էր «Երևանյան Հեռանկարներ» փառատոնի հետ: Շնորհակալ եմ Սոնա Հովհաննիսյանին ինձ վստահելու համար: Ես անսահման մեծ բավականություն ստացա այդ համագործակցությունից:

Հաճելիորեն զարմացած էի տեսնելով աշխատակազմի ի սրտե նվիրվածությունը փառատոնի ծրագրերին:
Ամերիկաբնակ հայ գեղեցկուհին նշեց, որ բազմաթիվ համերգային ծրագրեր է վարել, բայց, որ այդչափ կհուզվեր հայրենիքում բեմ բարձրանալիս, իր համար անսպասելի է եղել:

Եվ պատասխանատվությունն էր մեծ, և այն փաստը, որ Հայաստանում էի գտնվում, և համերգի գաղափարախոսությունը: Շրջապատող ամեն ինչն էր ինձ ստիպում հուզվել այդ օրը: Անսահման էր ուրախությունս, որ Հայաստանում նման բարձր մակարդակի համերգային ծրագրեր են իրականացվում:

Լիլին իր խորհին շնորհակալությունը հայտնեց «Երևանյան Հեռանկարներ» փառատոնին, Երևանի քաղաքապետարանին, Փյունիկ հիմնադրամին, Հայող Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովին և տնօրինությանը:

Իսկ հարցին, թե ո՞րն է ավելի բարդ և պատասխանատու`լինել եթերու՞մ, թե՞ բազմության առաջ միջոցառում վարելը, հաղորդավարուհին պատասխանեց.

«Պատասխանատվությունը երկու դեպքում էլ նույնն է` հանրությանը հաղորդագրություն փոխանցել... կապ չունի էկրանից, թե բեմահարթակից, միևնույնն է երևույթը շատ պատասխանատու է»: