Իրավամբ կարելի է պնդել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օրինակը դասագրքային է այն առումով, թե ինչպես կարող է քաղաքական գործիչը մի քանի ամսում չարագործից վերածվել ամենահզոր քաղաքական գործչի: Ինչպես գրում է բրիտանական «Daily Express» թերթը, ուղիղ մեկ տարի առաջ` 2015 թվականի սկզբին, Պուտինին համարում էին Արևմուտքի թշնամին, երկրագնդի թիվ մեկ չարագործը, իսկ այսօ՞ր, այսօր հակառակ պատկերն է…
Պուտինին մեղադրում էին Ուկրաինա ներխուժելու և Ղրիմը օկուպացնելու, Բոինգ 777-ի կործանման, քաղաքական սպանություններ իրականացնելու համար: Կարճ ասած՝ Պուտինն Արևմուտքի աչքին քավության նոխազի դերն էր ստանձնել. վատ բան լինելու դեպքում դրա մեղավորը նա էր: Ահա այսպես սկսվեց տարին Պուտինի համար: Բայց ինչպե՞ս է նա այժմ ճանապարհում տարին:
Սեպտեմբերի 30-ից հետո համաշխարհային հանրության վերաբերմունքը Պուտինի նկատմամբ փոխվեց երկրաչափական պրոգրեսիայով: Այժմ նա դարձել է «Պողպատե մարդ», ով կենաց ու մահու պայքար է մղում «Իսլամական պետության» զինյալների դեմ:
Պետք է ընդունել, որ Պուտինի «սիրիական կոմպանիան» նրան բարձրացրեց և հասցրեց համաշխարհային քաղաքականության զենիթ: Նա միլիոնավոր համակիրներ ունի թե՛ ժողովրդական զանգվածների, թե՛ ամենատարբեր քաղաքական գործիչների շրջանում: Սրա վառ վկայությունը հենց Օլանդի և Քերիի վերջին այցերն էին Մոսկվա:
Հ.Գ. ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին Մոսկվա կատարած նրա վերջին այցելության մամուլի ասուլիսի ժամանակ հարց ուղղեցին. «Պարոն Քերի, մեկ տարի առաջ Օբաման հայտարարում էր, որ Ռուսաստանը և նրա նախագահ Պուտինը գտնվում են մեկուսացման մեջ, նա մնացել է միայնակ: Պարոն Քերի, անցել է մեկ տարի, իսկ այսօր բոլորը հաշվի են նստում Պուտինի հետ, իսկ Դուք` ԱՄՆ պետքարտուղարը, գտնվում եք Մոսկվայում և խորհրդակցում եք «մեկուսացված Պուտինի» հետ, Ռուսաստանն այսօր մեկուսացվա՞ծ է արդյոք»: Սրան ի պատասխան Քերին հնչեցրեց անորոշ պատասխան՝ նշելով, որ Օբամայի ասածները մեկ տարի առաջվա դեպքերին ի պատասխան էին հնչեցվել, իսկ այսօր այլ իրավիճակ է աշխարհում:
Կարծում եմ՝ մեկնաբանություններն ավելորդ են…