Հաշված ժամեր են մնում 2015 թվականի ավարտին, որը իր ուրույն տեղը կփորձի գրավել պատմության մատյանում: Իր հերթին էլ 2016 թվականն է արդեն սկսել թակել մեր բոլորի դռները և եկել է ժամանակը ամփոփելու անցնող տարին և հասկանալու թե ինչպիսի նոր հաղթանակներ բացթողումներ գրանցվեցին 2015-ին:

Ինչպիսի ՞ ն էր տարին Հայ-Ռուսական Երիտասարդական Ալյանսի համար:
2015-ը խոստանում էր լինել բարդ և դժվար տարի ՀՌԵԱ-ի համար, հաշվի առնելով բազմաթիվ ներքին ու արտաքին խոչընդոտների առկայությունը: Սակայն ներդրված ճկուն կառավարման համակարգի և համախմբված թիմի մեղավորությունն էր, որ տարվա ընթացքում գրանցվեցին ավելի շատ հաղթանակներ և նվաճումներ, քան պարտություններ և բացթողումներ:

2015թ թվականի ընթացքում Հայ-Ռուսական Երիտասարդական Ալյանսի կողմից իրականացվեցին մի շարք միջոցառումներ` բանավեճեր, արտագնա քննարկումներ, կլոր սեղաններ, ֆլեշմոբեր, հանդիպումներ ՀՌԵԱ կից երաժշտական, գրական, ինտելեկտուալ և կինո ակումբների շրջանակներում: Կազմակերպված միջոցառումները անցկացվեցին ոչ միայն Երևանի և ՀՀ մարզերի տարածքում, այլ նաև Ռուսաստանի Դաշնության տարածքում` կրելով տեղական, տարածքային և միջկառավարական բնույթ: ՀՌԵԱ պատվիրակները մասնակցեցին բազմաթիվ միջազգային հավաքների` ՀՀ-ում, ՌԴ-ում և Արևելյան Եվրոպայի երկրների տարբեր քաղաքներում:

Այս տարվա ընթացքում ձեռք բերվեցին մի շարք արժեքավոր գործընկերներ՝ ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների և համալսարանների ձևաչափով:
Կփորձեմ անդրադառնալ ամենաարժեքավոր հաղթանակներին և ձեռքբերումներին:
2015 թվականի առաջին եռամսյակում սկիզբ դրվեց Հայրենական Մեզ պատերազմում Հաղթանակի 70 ամյակին նվիրված “Հաղթանակի 70 կրակները” միջազգային նախագծին` որը նպատակ էր հետապնդում Հաղթանակների զբոսայգիներում և ՀՄՊ-ին նվիրված հուշարձանների մոտ անցկացնել ֆլեշմոբեր և ցույց տալ երիտասարդության մոտեցումը Հաղթանակին 70 տարի անց: Նախագիծը ներկայացվեց ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը կից 70-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման հանձնաժողովին և ամբողջ տարվա ընթացում իրականացվեց Հայաստանի, Ռուսաստանի և ԱՊՀ ավելի քան 70 քաղաքներում: Խորին շնորհակալություն եմ ուզում հայտնել նախագծի իրականացմանը աջակցած բոլոր անհատներին, տեղական ինքնակառավարման մարմիններին և հասարակական կազմակերպություններին: Մասնավորապես առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը` ի դեմս նախարար Արմեն Երիցյանի, ՀՀ մարզերում ծրագրի իրականացմանը աջակցելու համար:

2015 թ. մարտին Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում Լարիսա Գաբրիելյանի ջանքերով ու բարերար և հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանի աջակցությամբ` բացվեց Հայ-Ռուսական Երիտասարդական Ալյանսի առաջին մասնաճյուղը: Օգտվելով առիթից ՀՌԵԱ ամբողջ անձնակազմի կողմից ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել Հրաչյա Պողոսյանին մեր կազմակերպության կողքին լինելու և Սանկտ-Պետերբուրգում ՀՌԵԱ միջոցառումներին աջակցելու, ինչպես նաև ՀՌԵԱ Կինո և Գրական Ակումբներին նվիրատվություն կատարելու համար` Հայրենական Մեծ պատերազմին նվիրված սկավառակների և գրքերի տեսքով:
2015թ. ապրիլին ՀՌԵԱ-ն գրանցեց նոր հաջողություն, լինելով առաջին երիտասարդական կազմակերպությունը, որը մասնակցեց Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում ստեղծված միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի նիստին, որտեղ ՀՌԵԱ 4-րդ նախագահ Դավիթ Բեյբությանի և ՀՌԵԱ Նախագահի խորհրդական Արթուր Մովսիսյանի շնորհիվ ձեռք բերվեցին նոր պայմանավորվածություններ միջկառավարական մակարդակում համագործակցելու համար:
2015թ. ամռանը Մոսկվայում բնակվող ՀՌԵԱ համահիմնադիր Վահան Եղիազարյանի ջանքերով ՀՌԵԱ-ն ՌԴ մոտ 50 քաղաքներում նախաձեռնեց ռուս երիտասարդների աջակցության ակցիա հայ երիտասարդությանը` էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված բողոքի ակցիաների շրջանակներում, ցույց տալով հանրությանը ևս մեկ անգամ, որ ՀՌԵԱ-ն գործում է քաղականությունից դուրս և փորձում է համախմբել հայ և ռուս երիտասարդությանը հայրենանվեր գործունեության համար:

2015թ. հոկտեմբերին Հայ-ռուսական երիտասարդական Ալյանսի անդամները իրենց ներդրումը ունեցան Էրեբունի-Երևան-ի 2797-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումներին և, իհարկե, պարգևատրվեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից:
Նույն ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը (կազմված ՀՌԵԱ անդամներից), որը գլխավորում էր ՀՌԵԱ 4-րդ նախագահ Դավիթ Բեյբությանը` մեկնեց Մոսկվա մասնակցելու ԲՐԻԿՍ և Եվրասիական տնտեսական միության երկրների իննովացիոն և գիտական երիտասարդական համաժողովին: Այստեղ ևս գրանցվեցին պատմական ձեռքբերումներ` Հայ-Ռուսական Երիտասարդական Ալյանսի և Երիտասարդության Ռուսական Միության միջև ստորագրվեց համագործակցության Համաձայնագիր, որը բացեց նոր էջ ՌԴ և ՀՀ երիտասարդական համագործակցության ոլորտում:

Բացի այդ հայկական պատվիրակությունը Հայաստան վերադարձավ մրցանակային տեղերով, ինչը ևս մեկ անգամ ապացուցեց հայ երիտասարդության մտքի բարձր թռիչքը և մրցունակությունը ԲՐԻԿՍ և Եվրասիական տնտեսական միության երկրների երիտասարդների կողքին:
2015թ. նոյեմբերին Հայ-Ռուսական Երիտասարդական Ալյանսը գրանցեց ևս մեկ պատմական ձեռքբերում, հայ-ռուսական 4-րդ միջտարածաշրջանային «Հայաստան-Ռուսաստան. Եվրասիական տնտեսական միություն. Միջտարածաշրջանային համագործակցության նոր հեռանկարներ» խորագիրը կրող համաժողովի շրջանակներում կազմակերպեց առաջին հայ-ռուսական տնտեսական «Հայաստան:Ռուսաստան: Ինտեգրման նոր դրայվերները» խորագիրը կրող համաժողովը, որի անցկացման պայմանավորվածությունները ձեռք էին բերվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում ստեղծված միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի երրորդ նիստի ընթացքում:
Սա մի նոր հարթակ էր հայ և ռուս երիտասարդության շփման և հետագայում միասնական ծրագրեր իրականացնելու համար: Շնորհակալություն եմ ուզում հայտնել ՀՀ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին և Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանին համաժողովի աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու հարցում աջակցելու համար:

Նոյեմբերին ՀՌԵԱ-ն շարունակեց ընդլայնել համագործակցությունը` ստորագրելով համագործակցության Համաձայնագիր Ուրալի Պետական Տնտեսական Համալսարանի հետ:
Այսպիսին էր տարին մեր համար և այն այդպիսին չէր լինի առանց մեր գործընկերների:
Նոր տարվա նախաշեմին ուզում եմ շնորհակալություն հայտնել Ազգային Արժեքների Պահպանման Ճակատ ՀԿ-ին` ի դեմս նախագահ Սևան Աղաջանյանի, ՄԵՆՔ ազգային հայրենասիրական շարժմանը` ի դեմս նախագահ Ռաֆֆի Գյոզալյանի, Հումանիտար զարգացման միջազգային ՀԿ-ին` ի դեմս նախագահ Արման Ղուկասյանի և Ծովինար Կոստանյանի, “Սերունդ” Համահայկական երիտասարդական կենտրոնին` ի դեմս նախագահ Տիգրան Շադունցի և Հայ-ռուսական երիտասարդական միասնություն ՀԿ-ին`ի դեմս նախագահ Գոհար Գումաշյանի` ՀՌԵԱ նախաձեռնություններին միշտ աջակցելու և ՀՌԵԱ կողքին լինելու համար:
ՀՌԵԱ ողջ անձնակազմի կողմից խորին շնորհակալություն եմ ուզում հայտնել Երևանում Գիտության և կրթության ռուսական կենտրոնին` ի դեմս ղեկավար Մարկ Կալինինի և ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը` ի դեմս դեսպան Իվան Վոլինկինի, ամբողջ տարվա ընթացքում աջակցելու և մեր կազմակերպության կողքին լինելու համար:

Հայ-Ռուսական Երիտասարդական Ալյանս-ը շնորհավորում է բոլորի Սուրբ Ծնունդն ու Ամանորը, մաղթում խաղաղ գիշերներ բոլորիս օջախներում, ամենայն բարիք, բարեկեցություն, առողջություն և նոր հաղթանակներ եկող արգասաբեր 2016 թվականում:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ…

Հայ-Ռուսական Երիտասարդական Ալյանս-ի նախագահ
Ռաֆայել Պողոսյան