Շատ շուտով բոլորիս տներում կլսվեն Նոր Տարվա գալուստը խորհրդանշող 12 զանգերը, որոնց կհաջորդեն ամանորյա գեղեցիկ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները: Այդպես լինում է ամեն տարի, այդպես կլինի նաև ժամեր անց, երբ արդեն 2016 թվականը կթակի յուրաքանչյուր դուռ և անհրավեր ներս կմտնի: Ավանդույթն է պահանջում, որ այդպես լինի, բայց այս ամենի մեջ խորհդանշական տարր կա, որն իրավունք չունենք անտեսելու:

Մեզանից շատերն այս տոնական օրերին բաժակներ են բարձրացնում և պարզապես ասում այն, ինչ պետք է ասեն, իսկ րոպեներ անց մոռանում են ասվածն ու վերադառնում առօրյա համազգային կամ սոցիալական հոգսերի քննարկմանը: Հասկանալի է, որ մեր փոքրիկ երկրում խնդիրները շատ են ու բազմատեսակ, բայց խորհդանշականը հենց այն է, որ պետք է հավատալ ասված խոսքերի իրականացմանը, քանի որ խոսքը մեծ ուժ ունի... իսկ եթե խոսքին գումարվում է նաև հավատը, ապա իրականանալու հավանականությունը կրկնապատկվում է:

Եկեք այս տարի սրտանց հավատանք մեր մտերիմների և մեր կողմից ասված բարեմաղթանքների իրականացմանը և համոզված լինենք, որ այդպես էլ լինելու է: Եկեք ազգովի վստահաբար ասենք, որ այս տարի վերջ է դրվելու սահմանի լարվածությանը. էլ ոչ մի զոհ, ոչ մի արյուն և ոչ մի արցունք չի լինելու. թող սա լինի բոլորիս ընտանիքներում հնչեցրած ամենակարևոր բաժակաճառն ու բարեմաղթանքը:

YN.am-ը մեծ ուրախությամբ շնորհավորում է Հայաստանում, Արցախում և աշխարհի ամեն կետում ապրող յուրաքանչյուր հայի Ամանորն ու Սուրբ Ծնունդը և մաղթում խաղաղություն, բարեկեցություն և երջանկություն բոլորիս ընտանիքներում:
Թող 2016 թվականին լսենք միմիայն բարի և ուրախ լուրեր:

Շնորհավոր Նոր Տարի: