Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ նախ ներկայացվել են հանրապետությունում ճանապարհների անցանելիության հետ կապված իրավիճակը, շուկայում տարբեր ապրանքատեսակների գների վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքները, կենսաթոշակների վճարման գործընթացը:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը զեկուցել է, որ դեկտեմբերի 31-ից հանրապետության տարբեր շրջաններում տեղացած ձյան շերտը կազմել է 50 սմ-ից մինչև 1.20 մետր, ինչի հետևանքով ընդհանուր առմամբ փակվել է 109 ճանապահ: Օպերատիվորեն իրականացվել են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ, իսկ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության գործողությունների արդյունքում ձյան տակ մնացած ավտոմեքենաներից դուրս է բերվել ավելի քան 800 մարդ: Ներկայում հետևողական աշխատանք է տարվում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներն անցանելի դարձնելու ուղղությամբ: ՏԿԱԻ նախարարը նշել է, որ հանրապետության մյուս բոլոր ճանապարհները հիմնականում բաց են, կան դժվարանցանելի ճանապարհներ, որտեղ ևս կատարվում են համապատասխան աշխատանքներ: Կառավարության ղեկավարը կարևորել է ճանապարհների անցանելիության ապահովումը և հանձնարարել շարունակել օպերատիվ աշխատանքներն այդ ուղղությամբ: