ՀՀ առողջապահության նախարարությունում ստեղծված արագ արձագանքման խումբը շարունակում է համայցեր կատարել հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններ:

Հերթական համայցի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ անցկացվեց բժշկական կոնսիլիում:

Առաջատար մասնագետների մասնակցությամբ քննարկվեց ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող ծանր հիվանդների բուժման ռազմավարությունը: Այս պահին բաժանմունքում բուժում է ստանում 55 հիվանդ:

Հանգամանալից անդրադարձ կատարվեց դեկտեմբերի 31-ին կենտրոն տեղափոխված 26-ամյա ծննդկանի առողջական վիճակին: Բժիշկների ջանքերով հաջողվել է նրան դուրս բերել կրիտիկական վիճակից: Կոնսիլիումի արդյունքում մասնագետները որոշում կայացրին դեռևս բուժումը շարունակել դեղորայքային ճանապարհով:

Կնոջ 28 շաբաթական հղիությունն ընդհատվել է կեսարյան հատմամբ: Նրա 1 կգ 220 գր քաշով և 39 սմ հասակով անհաս նորածինն այժմ գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատան գինեկոլոգիական բաժանմունքում: Երեխայի առողջական վիճակում առկա է դրական տեղաշարժ:

Արմեն Մուրադյանը` ամփոփելով կոնսիլիումը հանձնարարեց նախարարության գլխավոր մասնագետներին վիճակը գնահատելու և բուժման հետագա ընթացքը քննարկելու նպատակով կատարել լրացուցիչ այցելություններ, բոլոր ծանր հիվանդների առողջական վիճակը պահել մշտական ուշադրության կենտրոնում: