Երևան քաղաքի դատախազության դատախազի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով վկա Տիգրան Ա.-ն դատարանում հայտնել է, որ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի պաշտոնատար անձինք անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելուց առաջ, իրեն ցուցադրել են լուսանկարներ և տեսանյութ` վստահեցնելով, որ դրանցում պատկերված անձինք հանդիսանում են հանցագործություն կատարած անձինք, տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը:
Այդ ընթացքում ոստիկանության հիշյալ բաժնի ծառայողները իրեն հայտնել են, թե հանցագործության մեջ կասկածվող անձը ճանաչման ներկայացված անձանց մեջ որտեղ է կանգնած: Բացի այդ, անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու արձանագրության մեջ ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը շարադրել է իր կողմից չկատարված հայտարարություններ:
Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: