«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, մոտ տասն օրից մեկնարկելու են կառավարությունում կադրային և կառուցվածքային փոփոխությունների շուրջ բանակցությունները ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի ու թերես ԲՀԿ-ի միջև։
Կոալիցիա, սակայն ինչպես արդեն տեղեկացրել ենք, չի ձևավորվելու, թեև 2015-ի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեից առաջ քաղաքական շրջանակներում խոսակցություններ կային, որ հանրաքվեին աջակցելու դիմաց ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև կոալիցիոն հուշագիր կստորագրվի: Իշխանական շրջանակներում առաջին փոփոխությունները սպասվում են իրավապահ ամենավերին օղակներում:
Մեր տեղեկություններով, իշխանության վերնախավում կրկին հրատապ քննարկման առարկա է դարձել Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին հրաժեշտ տալու և այդ պաշտոնին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին գործուղելու հարցը։ Այս պարագայում Գևորգ Կոստանյանի փոխարեն ՀՀ զլխավոր դատախազ պետք է դառնա Հատուկ քննչական ծառայության ղեկավար Վահրամ Շահինյանը, իսկ Շահինյանի փոխարեն ՀՔԾ պետի թեկնածուներից մեկը կարող է նշանակվել կոմիտեի նախագահի տեղակալ, Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը։ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը, ըստ հավաստի տեղեկությունների, ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ։ Երեկ մեր թղթակիցը փորձել է կադրային այս փոխատեղումների վերաբերյալ մեկնաբանության ստանալ ՀՀ գլխավոր դատախազությունից։
Գևորգ Կոստանյանի մամուլ խոսնակ Քրիստինե Մելքոնյանը փոխանցել է. «Խոսակցությունները, կուլիսային քննարկումները չենք մեկնաբանում»»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։