«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարի ծեծի հետևանքով սպանված ազատամարտիկ Վարդան Թումանյանի գործով պատրաստ է տուժող կողմի արտասահմանում պատվիրած անկախ փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ ազատամարտիկի մահը վրա է հասել ծեծի հետևանքով։ Մինչդեռ, Հայաստանում իրականացված երկրորդ փորձաքննությունը փաստել էր, որ ազատամարտիկի մահվան պատճառը եղել է բնածին հիվանդությունը, իսկ ծեծը պարզապես համընկել է: Տուժող կողմը վստահ է, որ այս եզրակացությունը, որը պատրաստվում են հաջորդ դատական նիստին ներկայացնել դատարան, պետք է ամբողջովին փոխի գործի ընթացքը։

Ի դեպ, ազատամարտիկի ծեծի գործով մեղադրյալներից «Ջունգլ» մականունով Գևորգ Սարգսյանի ընտանիքը շարունակում է ահաբեկել և սպառնալ ազատամարտիկի ընտանիքին։ Նախ Ջունգլի մայրը՝ Ելենա Սարգսյանը, որը գուշակություններով է զբաղվում, դատի Է տվել ազատամարտիկի քրոջը, իր գործարար համբավն արատավորելու համար։ Բացի այդ, օրերս Ջունգլի հայրը՝ Բաբկեն Սարգսյանը հրապարակավ սպառնացել է Մարիետա Թումանյանհն, իր ձևակերպմամբ՝ սատկացնել։ Նշենք, որ գործով բոլոր 4 մեղադրյալները, այդ թվում՝ Ջունգլն ազատության մեջ են։ Միայն վերջերս Սարգիս Ղուկասյանն է կալանավորվել, սակայն բոլորովին ուրիշ գործով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։