Գրիպը վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Գրիպի ախտանշաններն են՝ ջերմությունը, մկանացավերը, հազը, մարմնի ջարդվածության զգացումը, գլխացավը:

Գրիպով կարող են հիվանդանալ բոլորը, հատկապես խոցելի խմբի անձինք, որոնց շարքին են դասվում նաև հղիները:

Գրիպով չհիվանդանալու համար խորհուրդ է տրվում՝

 չշփվել գրիպով հիվանդների հետ, խուսափել մարդկային կուտակումներից,

 օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով ընդունել վիտամին C, 10-15 օր տևողությամբ՝ համաձայնեցնելով նախածննդյան հսկողությունն իրականացնող բժշկի կամ բուժքրոջ հետ,

 սննդակարգում ավելացնել սննդամթերքի այն տեսակները, որոնք առավել շատ են պարունակում վիտամին C, օրինակ՝ չոր մասուրի թուրմ, կիտրոն, նարինջ, կիվի և այլն: Հնարավորինս շատ օգտագործել սոխ և սխտոր,

 բուժհաստատություն հաճախելիս, աշխատանքի, հասարակական վայրերում, տրանսպորտում կրել դիմակներ՝ եթե կա դրա անհրաժեշտությունը:

Հ Ի Շ Ե' Լ
Հիվանդության թեթև նշանների առկայության դեպքում (փռշտոց, քթից արտադրություն, ընդհանուր թուլություն, ջերմության բարձրացում) անհրաժեշտ է անմիջապես դիմել նախածննդյան հսկողությունն իրականացնող բժշկին:

Հիվանդության սկզբնական շրջանում կամ թեթև ընթացքի դեպքում բուժումը կարող է իրականացվել ամբուլատոր՝ նախածննդյան հսկողությունն իրականացնող բժշկի ամենօրյա հսկողության պայմանով:
Ամբուլատոր բուժման ժամանակ, ախտանիշների ի հայտ գալուց 24-48 ժամվա ընթացքում, կարող է վիճակի բարելավում չնկատվել, ավելին՝ կարող է առաջանալ հիվանդության զարգացում կամ բարդություններ: Այս դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել նախածննդյան հսկողությունն իրականացնող բժշկին կամ հիվանդանոց:

Հղիության ընթացքում վտանգի նշանները, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել հիվանդանոց

 արյունային արտադրություն հեշտոցից,

 դժվարաշնչություն, շնչարգելություն,

 հարպտղային ջրերի արտահոսք,

 ցավ ցանկացած տեղակայման, հատկապես որովայնի, կրծքավանդակի և վերստամոքսային շրջանում,

 տեսողության վատացում, ուժեղ գլխացավ, գլխապտույտ, ընդհանուր թուլություն, շրջապատի նկատմամբ անտարբերություն,

 սրտխառնոց և փսխումներ հղիության երկրորդ կեսում,

 գիտակցության մթագնում, ցնցումներ,

 պտղի շարժումների փոփոխություն` խիստ շարժունակություն, շարժումների թուլացում կամ բացակայություն,

 գրիպի արագընթաց զարգացման և/կամ բարդությունների առաջացման նշաններն են` շնչարգելություն, ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ հանգստի վիճակում դժվարացած և/կամ հաճախացած շնչառություն, մաշկի կապտավուն երանգ, արյուն` խորխի մեջ կամ գունավոր երանգի խորխ, ցավ կրծքավանդակում, ցածր ճնշում, գիտակցության տարբեր աստիճանի խանգարումներ, ցնցումներ և այլն, կամ էլ հիվանդի վիճակի բարելավման բացակայություն հիվանդության ախտանիշների ի հայտ գալուց հետո 2-3 օրվա ընթացքում:

Դիմել հղիությունը հսկող կամ գրիպը բուժող բժշկին, երբ առկա է`

 բարձր ջերմություն,
 մաշկի մշտական քոր, ցանավորում,
 սրտխառնոց և փսխում հղիության առաջին կեսում,
 ձեռքերի և ոտքերի այտուցներ, երակների վարիկոզ լայնացում,
 թուլություն, գրգռվածություն, անքնություն,
 գլխացավ, գլխապտույտ, հոգնածություն,
 հաճախամիզություն, ցավ, այրոց միզելիս,
 լուծ, փորկապություն,
 առատ, ոչ արյունային արտադրություն հեշտոցից,
 հեշտոցային արտադրության քանակի, բնույթի փոփոխություն,
 շփում վարակիչ հիվանդների հետ,
 գրիպի ախտանիշների ի հայտ գալուց հետո` հիվանդ հղիի վիճակի բարելավման բացակայություն 24-48 ժամվա ընթացքում: