«Հրապարակ» թերթը գրում է.
«Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության գործով շուրջ 2 ամիս կալանքի տակ մնացած, այնուհետև ստորագրությամբ ազատ արձակված 5 երիտասարդների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Նրանցից երկուսը Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Երեմյանի եղբայրներն են՝ Կարեն և Սուրեն Երեմյանները, ովքեր «Միլենա» տաքսի ծառայության սեփականատերերն են: Մյուսներն են՝ Արտյոմ Կարապետյանը, Ալեքսեյ Մկրտչյանը, Նարեկ Հովսեփյանը: Մեր տեղեկություններով՝ տարեվերջին նրանք քննությունն իրականացնող ԱԱԾ-ից տեղեկացել են, որ իրենց նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով, իսկ քրեական հետապնդումը՝ դադարեցվել:
Հիշեցնենք, որ մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց հնչել էին կրակոցներ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել էին 1 զոհ և 2 վիրավոր, վիրավորներին տեղափոխել էին «Էրեբունի» ԲԿ, որոնք ճանապարհին մահացել էին։ Կրակոցների հետևանքով մահացած երեք անձանցից մեկը Լևոն Ղազարյանն էր, որը հայտնի է Երրորդմասցի Լյովիկ անունով, մյուսը՝ 35-ամյա Դրաստամատ Թադևոսյանը՝ Դերոն, երրորդը՝ Մեսրոպ Նազարյանցը, որը մահացել էր տեղում՝ ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում: Գործով քննությունը դեռ շարունակվում է, սպանության մեջ մեղադրվում են Սարգիս Գրիգորյանը (մականունը՝ Ծգլ), Սարգիս Հախանումյանը (մականունը՝ Տլե) և Վահան Հակոբյանը (մականունը՝ Գաստիկ)։ Նրանք հրաժարվում են որևէ ցուցմունք տալ, քրեական աշխարհում ընդունված է «Сухой отказ»-ով դատվել, որպեսզի անազատության մեջ որոշակի կարգավիճակ ունենան՝ դառնան գող, զոն նայող»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: