Հրանտ Դինքը կենդանության տարիներին համարվում էր ստամբուլահայ լրագրող, խմբագիր... ընդամենը: Սակայն տարիներ հետո մարդիկ պիտի հասկանային, որ համեստ, երբեք իր արածի մասին շատ չխոսող այդ մարդը անում է այն, ինչ չի կարող անել նույնիսկ մի ամբողջ բանակ:
Դինքի հիմնական ներդրումը հայկական պետության մեջ այն է, որ կարողացավ նոր շունչ հաղորդել հայ-թուրքական հարաբերություններին՝ գործողության մեջ դնելով «ծպտյալ հայերի» երևույթը: Դինքից առաջ Արևմտյան Հայաստանում ապրող մեր հայրենակիցների 99%-ը վախենում էր խոսել իր էթնիկ ինքնության մասին: Նրանցից շատերն են ինձ պատմում, որ Հրանտ Դինքը ուժ տվեց իրենց, որ դուրս գան պետական մեծ ապարատի դեմ ու տեր կանգնեն իրենց ազգային՝ հայկական ինքնությանը:
Որպես լրագրող՝ Դինքը ազատ խոսքի կուլտուրա տարավ Թուրքիա, իսկ հայ լրագրության մեջ թեկուզ քիչ, բայց մտցրեց այն գաղափարը, որ լրագրողը լոկ ինֆորմացիա փոխանցող չէ: Լրագրողն առաջին հերթին վերլուծաբան է, որը ունեցած ինֆորմացիան պետք է համադրի և հաշվարկների միջոցով կարողանա եզրահանգում անել՝ կողմնորոշելով հանրությանը:
Ցավոք, հայ լրագրության խոշոր երախտավորը արդեն 9 տարի մեզ հետ չէ:
Nairi Hokhikyan