«168 Ժամ» թերթը գրում է.

«Հայաստանում, ինչպես հայտնի է, «խիյարը թարս է բուսնում», ու դա վերաբերում է, առանց բացառության, գրեթե ամեն ինչին ու բոլոր ոլորտներին: Առաջին հերթին՝ քաղաքականությանը: Դաշնակցությունը, ինչպես դաշնակցականներն են ասում, բանակցություններ է սկսել նախագահ Սերժ Սարգսյանի հետ, իսկ ինչպես ՀՀԿ-ականներն են ասում՝ առանձնազրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ՝ կոալիցիա կազմելու հնարավորությունը քննարկելու նպատակով: Սովորաբար նորմալ երկրներում, նորմալ քաղաքական համակարգերում կոալիցիաներ կազմում են ընտրություններից հետո, կոալիցիոն բանակցություններ վարվում են ընտրությունների արդյունքների հիման վրա:

Սակայն Հայաստանում հակառակն է՝ կոալիցիա են ցանկանում կազմել ընտրություններից մոտ մեկ տարի առաջ… ընտրություններին մասնակցելու, ավելի ճիշտ՝ ընտրություններից դուրս չմնալու համար: Դա է Դաշնակցության հիմնական մոտիվացիան՝ կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ՝ 2017 թվականին խորհրդարանում հայտնվելու համար: Առողջ և քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ պետք է լիներ հակառակը՝ մասնակցել և հաղթել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում՝ ապագա կառավարությանը մաս կազմելու համար: Բայց դա տեղին կլիներ նորմալ քաղաքական ու, ամենակարևորը՝ նորմալ ընտրական համակարգի դեպքում:

Հայաստանում ոչ քաղաքական համակարգն է այդպիսին, ոչ էլ, առավել ևս, ընտրականը: Ու դեգրադացված քաղաքական համակարգը ծառայում է նույնքան դեգրադացված ընտրական համակարգի պահպանմանը, և՝ հակառակը: Դրա համար էլ Դաշնակցությունը ցանկանում է հիմա մաս կազմել իշխանությանը, որպեսզի իշխանությանը հնարավորություն տա 2017 թվականի ընտրություններն անցկացնել այնպես, ինչպես 2015 թվականի սահմանադրական հանրաքվեն, որն անցավ ՀՅԴ-ի «բարձր հովանու ներքո»: Իշխանությանը պետք է կիսել ոչ թե պատասխանատվությունը ՀՅԴ-ի հետ, ինչպես պնդում են շատերը, այլ ՀՅԴ-ին պատասխանատու ու մասնակից դարձնել 2017 թվականի ընտրակեղծարարությանը՝ մի քանի մանդատի դիմաց, բնականաբար: Խնդիրն այն չէ, որ ՀՅԴ-ականներն իրենց հարյուրքանիամյա փորձառությամբ պետք է ընտրակեղծարարությամբ զբաղվեն կամ ընտրակաշառք բաժանեն: Ոչ, դա կանեն ՀՀԿ-ականները՝ իրենց համապատասխան «ստորաբաժանումներով»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: