«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հայաստանի պետական պարտքը գերազանցեց 5 միլիարդ դոլարի հոգեբանական շեմը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ ֆինանսների նախարարությունից: Ըստ այդմ, ընթացիկ 2016 թվական Հայաստանը թևակոխել է 5 միլիարդ 71 միլիոն դոլար պետական պարտքով: Անցած 2015 թվականի սկզբին Հայաստանի պետական պարտքը եղել է 4 միլիարդ 441 մլն 500 հազար դոլար: Այսինքն՝ անցած տարվա ընթացքում Հայաստանի պետական պարտքը ավելացել է 629 միլիոն 500 հազար դոլարով:
Ի դեպ, նշված պետական պարտքից 3 միլիարդ 833 մլն 200 հազար դոլարը Հայաստանի արտաքին պետական պարտքն է: Այսինքն՝ նշված գումարը ՀՀ կառավարությունը պարտքով վերցրել է միջազգային ֆինանսական կառույցներից: Հատկանշական է այն փաստը, որ ՀՀ արտաքին պետական պարքից 487 մլն 900 հազար դոլարը գոյացել է անցած տարվա ընթացքում: Ի դեպ, նշենք նաև, որ Հայաստանի պետական արտաքին պարտքը սրընթաց սկսեց աճել 2008-ի միջազգային տնտեսական ճգնաժամից հետո: Օրինակ՝ 2008-ի գարնանը, այսինքն՝ մինչև տնտեսական ճգնաժամի մեկնարկը Հայաստանի արտաքին պարտք կազմում էր 1 միլիարդ 550 մլն դոլար: Իսկ արդեն 2009-ի վերջին Հայաստանի պետական արտաքին պարտքը հասել էր 3 մլրդ դոլարի:
Հաջորդած տարիներին ՀՀ իշխանությունները մի փոքր դանդաղեցրին պետական արտաքին նոր պարտքերի ներգրավման գործընթացը, բայց անցած տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը կրկին սկսեց մեկը մյուսի ետևից պարտքեր վերցնել»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: