Ասում են՝ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի օդանավակայանում Ռուսաստանի դեմ դավադրություն է կանխվել: Մասնավորապես, Լիբանանի նախկին բնապահպանության նախարար Վիամ Վահաբը հարցազույցներից մեկի ընթացքում օրերս հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման լիբանանյան բջիջներից մեկը մտադրություն է ունեցել Բեյրութի օդանավակայանում ռուսական մարդատար օդանավ պայթեցնել ճիշտ նույն եղանակով, ինչ անցյալ տարվա նոյեմբեր ամսին՝ Եգիպտոսի Շարմ ալ-Շայխ քաղաքում. ի դեպ, այս տեղեկատվությունը մի շարք լրատվամիջոցների համար հաստատել է նաև Լիբանանի անվտանգության ծառայությունների մի բարձրաստիճան սպա:
Թեպետ լիբանանյան իշխանությունները փորձում են գաղտնի պահել դավադրության բացահայտման իրողությունն, այնուամենայնիվ լիբանանցի զինվորականը հավաստել է, որ միջադեպը կանխվել է արևմտյան պետություններից մեկի հետախուզական ծառայության տրամդրած տվյալների շնորհիվ:
Տեղեկատվությանն արձագանքել է նաև Լիբանանի ՆԳՆ-ը՝ հերքելով ռուսական մարդատար ինքնաթիռի պայթեցման անհաջող փորձի վերաբերյալ լուրերը և հայտարարելով, որ վերոնշյալի հետ կապված ամեն բան կեղծ է, և դրա նպատակը նախ Բեյրութի օդանավակայանի բնականոն աշխատանքների խոչընդոտումն է, ինչպես նաև՝ Լիբանան-Ռուսաստան հարաբերությունների վրա բացասաբար ներազդումը:
Մինչդեռ պետք է նշել, որ Մերձավոր Արևելքում առկա ծայրաստիճան լարված իրավիճակի և հատկապես Սիրիայում ՌԴ օդատիեզերական ուժերի կողմից իրականացվող ռազմագործողության որոշ առանձնահատկությունների պայմաններում, այնուամենայնիվ, Ռուսաստանի դեմ այսպիսի գործողությունների հավանականությունը բնավ բացառել չի կարելի…

Արմեն Պետրոսյան