2016 թվականի հունվարի 22-ին երեկոյան 20:00 սահմաններում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ՝ Խումբ) այց է կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ։

Այցելության ընթացքում Խմբի անդամներ Ա․ Զալյանը, Ա․ Սահակյանը ինչպես նաև փորձագետ Ա․ Սաքունցը հանդիպում են ունեցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի հետ։ Հանդիպման ընթացքում դիտորդները և փորձագետը ներկայացրել են Հայկ Կյուրեղյանին անհանգստացնող հիմնական հարցերը և պահանջները։ Խմբի անդամները առանձնազրույց են ունեցել նաև Հ. Կյուրեղյանի հետ։

Դիտորդական Խմբի միջնորդությամբ Հ. Կյուրեղյանը ստացել է ՔԿՀ վարչակազմի հավաստիացումը, որ կտեղափոխվի մենախուց, ինչով և կապահովվի նրա անվտանգությունը։ Որից հետո Հայկ Կյուրեղյանը հայտարարել է ջրադուլից և հացադուլից դուրս գալու մասին։ Հիշեցնենք, որ շուրջ 8 օր է՝ Հայկ Կյուրեղյանը հացադուլ էր հայտարարել, և 5 օր է նաև ջրադուլ։