Ի նշան խորին երախտագիտության՝ նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած զինծառայողների հիշատակը:

Շնորհավորելով զինված ուժերի կազմավորման 24-րդ տարեդարձի առթիվ և ողջունելով նիստի մասնակիցներին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ հետևողական և լարված աշխատանքի, ջանքերի համադրման և միջազգային լավագույն փորձի ներդրման արդյունքում 2016 թվականին պետք է արվի ամենայն հնարավորը` առավել անվտանգ և արդյունավետ ծառայություն կազմակերպելու և առկա հաջողությունները բազմապատկելու համար:

Նիստի ընթացքում հաշվետու զեկույցներ են ներկայացրել ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Դավթյանը, ԶՈՒ ԱՀՏԱ վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Ալեքսանյանը և ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Տ. Խաչատրյանը: Զեկույցների և ծավալված քննարկումների ընթացքում մատնանշվել է, որ պլանային կարգով շարունակվել են մարտական հերթապահության կրման պայմանների և ամրաշինական կառույցների կատարելագործման, զորքերի պատրաստության, զինվորական կարգապահության չափորոշիչների և մարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացման, զինանձնակազմի կայուն բարոյահոգեբանական վիճակի ապահովմանը նպատակաուղված աշխատանքները: Առաջընթաց է արձանագրվել ուսումնանյութական և նյութատեխնիկական բազայի հարստացման, սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել նաև առկա բացթողումներին և դրանց վերացման հիմնական աշխատանքային ուղղություններին:

Բանակի տոնին ընդառաջ անցկացված Կոլեգիայի նիստը շարունակվել է պետական բարձրաստիճան պաշտոնյաների և ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Զինված ուժերի կազմավորման 24-րդ տարեդարձին նվիրված նիստի ընթացքում երախտիքի խոսքեր են ուղղվել բանակաշինության ակունքներում կանգնած և այսօր էլ նվիրումով հայկական բանակի ամրապնդման գործին ծառայող զինվորականներին:

Հանդիսավոր նիստն ուղեկցվել է պարգևատրման արարողությամբ: Զինված ուժերի կայացման և մարտունակության բարձրացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի շարք սպաներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ արժանացել են գերատեսչական պարգևների և հուշանվերների:

2015 ուսումնական տարվա արդյունքներով լավագույնը ճանաչված ստորաբաժանումներին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնել է պատվոդրոշներ:

Ամփոփելով նիստը և բարձր գնահատելով պաշտպանության նախարարության և գերատեսչական այլ կառույցների համագործակցության արդյունավետությունը` Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ այդ կապը շարունակական դրական զարգացում կունենա՝ իր անմիջական ազդեցությունը թողնելով զինված ուժերի մարտունակության առավել բարձրացման վրա, և ստացած պարգևները յուրաքանչյուր զինծառայողի համար առավել պարտավորեցնող կլինեն առաջադրված խնդիրները պատվով կատարելու, ժողովրդի հարգանքն ու սերը վաստակելու համար: