Նախօրեին Աթենքում կայացած Հունաստանի և Իսրայելի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հրեական պետության ՊՆ Մոշե Յաալոնն ուղղակիորեն մեղադրել է Թուրքիային՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությանը հովանավորելու հարցում՝ «Բոլորին է հայտնի, որ ԻՊ-ն արդեն տևական ժամանակ ստանում է Թուրքիայի փողերը՝ վաճառված նավթի դիմաց: Հուսով եմ՝ վերջապես վերջ կդրվի դրան: Ժամանակն է եկել, որ թուրքական իշխանությունները որոշում կայացնեն՝ մտադիր են արդյոք վերջապես միանալու ահաբեկչության դեմ պայքարին: Այս հարցում, կարծես, մտածելու բան էլ չկա»: Յաալոնը նաև հավելել է, որ Թուրքիան թույլատրում է եվրոպացի «ջիհադականներին» սեփական սահմաններով ազատ ելումուտ անել Սիրիայի և Իրաքի տարածք:
Թուրքական իշխանությունների հասցեին մոտավորապես նույնաբովանդակ քննադատություն է ուղղել նաև Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսը՝ նաև հավելյալ կոչ անելով Անկարային՝ սահմանափակելու գաղթականների հոսքերը դեպի Եվրոպա: Այսպիսով, փաստորեն, Իսրայելն ու Հունաստանը ևս միացան Ռուսաստանին՝ ԻՊ-ին աջակցելու հարցում թուրքական կողմին նման մակարդակով ուղղված մեղադրանքների հետ կապված:
Մինչդեռ, եթե պաշտոնական Աթենքի նման դիրքորոշումը Անկարայի հետ հարաբերություններում օբյեկտիվ է՝ պայմանավորված պատմական իրողություններով, իսկ ներկայում՝ միգրանտների մեծածածավալ հոսքերի հետ կապված, որոնց ուղղակի և առաջնային ազդեցությունը կրում է Հունաստանը, ապա Իսրայելի դեպքում, երևույթը որոշ մտորումների տեղիք է տալիս:
Նախ պետք է նշել, որ ԻՊ-ին հովանավորելու վերաբերյալ վերոնշյալ հայտարարությունը Իսրայելի կողմից նման բարձր մակարդակով Թուրքիային մեղադրելու առաջին դեպքն էր: Այս մեղադրանքը, որոշ առումով անսպասելի էր, քանի որ հատկապես վերջին շրջանում երկկողմանի ակտիվ քայլեր էին իրականացվում՝ կարգավորելու 2010թ.-ից սրված թուրք-իսրայելական հարաբերությունները, որոնց վերջնական հանգուցալուծումն անընդհատ ձգձգվում է հիմնականում թուրքական կողմի տարաբնույթ մանևրների պատճառով:
Եվ չի բացառվում, որ իսրայեական բարձրստիճան պաշտոնյայի հայտարարությունն իսրայելական կողմի պատասխանն է՝ պաշտոնական Անկարայի նման գործելաոճին:
Հաջորդ հնարավոր տարբերակը պայմանավորված է իսրայելական պաշտպանական և անվտանգային շրջանակներում վերջին շրջանում ակտիվացած քնարկումներով առ այն, որ ԻՊ-ը լուրջ սպառնալիք է նաև հրեական պետության անվտանգության համար: Ավելին, վերջին ամիսների ընթացքում իսրայելական անվտանգության ծառայություններն ԻՊ-ի երկու բջիջ են չեզոքացրել Հուդայի և Սամարիայի շրջաններում: Բացի այդ, հունվարի 26-ին իսրայելական օդուժն առաջին անգամ հարվածել է Եգիպտոսի Սինայի թերակղզում ԻՊ-ի ճյուղավորումը հանդիսացող «Սինայի վիլայեթ» խմբավորման դիրքերին:
Իսրայելկան կողմի գուցե երկրորդական դրդապատճառներից մեկն էլ կարելի է դիտարկել ԻՊ-ի կողմից վաճառվող նավթի վաճառքից շահելու հնարավորությունների սահմանափակումը. նախկինում Իսրայելը ևս հանդիսանում էր սև շուկայում իսլամականների նավթի գնորդներից մեկը, բացի այդ, իսրայելական նավահանգիստները համարվում էին տարանցիկ գոտի՝ ԻՊ-ի նավթը դեպի Եվրոպա արտահանելու համար:
Վերոնշյալը հաշվի առնելով ՝ կարելի արձանագրել, որ ահաբեկչական կառույցների հանդեպ Թուրքիայի հովանավորչական քաղաքականությունից բխող լրջագույն վտանգն արդեն օրակարգային է դարձել ողջ միջազգային հանրության համար, որն առայժմ սահմանափակվում է թուրքական կողմի հասցեին ուղղված սուր հռտետորաբանությամբ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.petrosyan.05/posts/969561113081103?notif_t=close_friend_activity
Արմեն Պետրոսյան