«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս, երբ ծանոթանում ենք 2007թ. ապրիլի 26-ին Ռոբերտ Քոչարյանի եւ այն ժամանակ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթընի Գոդֆրիի հանդիպման մասին «Վիկիլիքսի» հրապարակած փաստաթղթին: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Քոչարյանը ամերիկացի դիվանագետին տեղեկացրել է, որ 2007 թվականի տարեսկզբից մինչ այդ օրը ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը արդեն երեք անգամ դիմել է իրեն՝ խնդրելով թույլատրել ՕԵԿ-ին կրկին վերադառնալ իշխանական կոալիցիա: Նկատենք, որ Քոչարյանի զրույցը տեղի է ունեցել 2007 թվականի մայիսի 12-ին նշանակված ԱԺ ընտրությունների քարոզարշավի օրերին: Հիշեցնենք, որ այդ ընտրությունների ժամանակ Արթուր Բաղդասարյանը եւ նրա ՕԵԿ-ը, ինչպես բոլոր ընտրություններում, ընդդիմադիր դիրքերից էր հանդես գալիս, բայց միաժամանակ, փաստորեն, բոլորից թաքուն հասցրել էր բանակցել նախագահականի հետ, որպեսզի իրենց հետեւի մուտքից ներս թողնեն դեպի իշխանության կերակրատաշտը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: