«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանն իր պաշտոնավարման երկարուձիգ 12 տարիների ընթացքում երբեք լրագրողների հարցերին նորմալ չի պատասխանել: Բայց եթե նա պարզապես հարցերին չպատասխաներ, ապա այդ գործելաոճն ինչ-որ առումով հասկանալի կլիներ` հաշվի առնելով նրա պաշտոնի առանձնահատկությունները: Սակայն ողջ խնդիրն այն է, որ վերջին տարիներին Գորիկ Հակոբյանը նախկինի պես չի կարողանում լրագրողների հարցերին պատասխանելուց զուսպ խուսափել: Նա ինչ-որ պատասխան տալու փոխարեն, չգիտես ինչու, իրեն իրավունք է վերապահում լրագրողներին վիրավորել: Նույնը տեղի է ունեցել երեկ, երբ Եռաբլուրում լրագրողները փորձել են Գորիկ Հակոբյանից պարզել, թե նա ինչ է պատրաստվում անել փետրվարի 11-ից հետո, եւ հնարավոր է, որ հատուկ իր համար ՀՀ ողջ օրենսդրությունը փոփոխության ենթարկվի, որպեսզի շարունակի պաշտոնավարումը: Բանն այն է, որ ԱԱԾ տնօրենը մի քանի օրից` փետրվարի 11-ին, կդառնա 70 տարեկան եւ այլեւս չի կարող շարունակել պաշտոնավարել: Ուշագրավն այն է, որ Գորիկ Հակոբյանին հատկապես զայրացրել է լրագրողներից մեկի այն դիտարկումը, թե «հո Դուք հավերժ չե՞ք»: Պարզվում է՝ այդ անմեղ դիտարկումը այնքան խորն է խոցել ԱԱԾ տնօրենին, որ նա երկար ժամանակ չի կարողացել տեղը գտնել եւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին պարբերաբար սրտնեղել է. «Ինձ ասում են՝ հավե՞րժ եք: Արա լավ, զզվանքս գալիս ա, այ քեզ բան»: Թերեւս ժամանակն է, որպեսզի լրագրողները Գորիկ Հակոբյանին հարցեր տալուց հիշեն, որ նա արդեն յոթանասուն տարեկան է: Մարդը երկար տարիներ նույն պաշտոնում աշխատում է, եւ իր պաշտոնավարման հավերժ չլինելու մասին դիտարկումն ընկալում է անեծքի պես մի բան: Այսինքն՝ պապիկը ցանկանում է, որ իրեն աչքով չտան»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: