ԱԺ-ում այսօր քննարկվել է ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը: Այս համաձայնագրի շնորհիվ հերթական քառօրյայի երկրորդ օրն ամբողջությամբ նվիրվում է ձանձրույթին ու միապաղաղությանը:
Գաղջ մթնոլորտում պարբերական առկայծումներ ու ինտրիգներ լինում են: Օրինակ՝ Նիկոլն ասաց, թե վարկը վերցնելու են նախընտրական կոմպանիա կազմակերպելու համար, մնացածը սկսեցին հակադարձել ու մեղադրանքներ ներկայացնել: Այնուհետև Փաշինյանը ներկայացրեց յուրահատուկ մաթեմատիկական մինի թրեյնինգ:
Հաջորդ ինտրիգային էպոպեան լոռեցիների դեմարշն էր: Էդմոն Մարուքյանն իր ելույթում անդրադարձավ երեկ Էդուարդ Շարմազանովի արտահայտած մտքերին՝ իր ելույթի վերաբերյալ. «Ինձ վերագրվեց մտքեր, որոնք հերթով սկսվեցին ջախջախվել»: Մարուքյանին հուզել էր Շարմազանովի այն միտքը, թե պառլամենտում գավառական մտածողությամբ ելույթներ են հնչում: «Ավելի լավ է լինել ազնիվ գավառամիտ, քան կեղծավոր քաղքենի»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Մարուքյանը: Շարմազանովն իր հերթին հակադարձեց համերկրացուն. «Մի գերագնահատեք ձեր հնարավորությունները. սա պառլամենտ է, ժողովրդավարական սկզբունքներ կան, այլ ոչ թե գլադիատորական մարտեր են այստեղ, սովորեք բազմակարծություն լսել»:
Վարկային ոդիսականի կուլմիանցիան իր գագաթնակետին հասցրեց Լևոն Զուրաբյանը: Նա իր «վարկային ելույթից» առաջ նշեց. «Եթե մի բան կա, որ չի կարելի քաղաքականացնել, սա խնդրում եմ՝ փոխանցեք Գալուստ Սահակյանին, դա մաթեմատիկան է»:
Ահա նման մթնոլորտ է տիրում հայոց օրենսդիր պառլամենտում:
Արմեն Հովասափյան