«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ տեղեկություն տարածվեց, որ ժամկետանց մթերքի մուտքի թույլտվության համար կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները: Այս տեղեկությունը հաստատեց ՍԱՊԾ պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը:
Ըստ newspress-ի՝ ձերբակալվածներից մեկը փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի կնոջ եղբայրն է: Մեր տեղեկություններով՝ նրա անունն Արմեն է: Նա ծառայության նոր պետի մարդն է և աշխատանքի է ընդունվել նրա օրոք:
Մեր աղբյուրը հայտնում է, որ կաշառքի համար ձերբակալված աշխատակիցն այնքան պինդ մեջք է ունեցել, որ հատուկ նրա համար համակարգում կառուցվածքային փոփոխություն է արվել և պաշտոն ստեղծվել:
Մեր տեղեկություններով սննդի անվտանգության աշխատակիցները կաշառք են պահանջել հունվարին: Նրանք այցելել են կենտրոնի խանութներից մեկը և ժամկետանց սնունդ հայտնաբերել, ապա ոչ թե ստիպել են ոչնչացնել, այլ կաշառք վերցնելով՝ հեռացել»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում