«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երբ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկության ամբողջական վերլուծությունը ներկայացվել է Սերժ Սարգսյանին, վերջինս իր մոտ է հրավիրել ՀՀԿ-ի հանրաքվեի շտաբի ներկայացուցիչներին և մի լավ նախատել: Նշված վերլուծությունները փաստել են, որ հանրաքվեի քվեարկության` իշխանությունների համար ցանկալի արդյունքները հնարավոր է եղել ապահովել բացահայտ և կոպիտ ընտրակեղծիքների միջոցով: Այսպես կոչված՝ «աննկատ» կեղծարարության համակարգը չի գործել և ի վիճակի չի եղել «արդյունք» ապահովել:

Սերժ Սարգսյանը ասել է, որ հանրաքվեում կիրառված խայտառակ մեթոդներով «ութերորդ դասարանցին էլ կարող էր անհրաժեշտ արդյունքն ապահովել»:

Հիշեցնենք, որ մի շարք գերատեսչությունների ղեկավարներից կազմված ՀՀԿ-ի շտաբը ղեկավարում էր անձամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Մեր տեղեկություններով՝ ստեղծված իրավիճակը Սերժ Սարգսյանին խիստ զայրացրել է, քանի որ 2017 թվականին առանց խոչընդոտների ԱԺ բացարձակ մեծամասնություն ձևավորելու ծրագիրը չի հաջողվի: Ինչո՞ւ, որովհետև նախորդ տարի կայացած հանրաքվեն առանց լուրջ հակազդեցության և ընտրողների ընդհանուր անտարբերության պայմաններում անցավ: և այդ պայմաններում ընտրական տեղամասերի մեկ քառորդում իշխանությունները ստիպված են եղել ընդունել իրենց պարտությունը, մյուսներում էլ թվերը կարողացել են փոխել կոպիտ ուժային մեթոդների և շանտաժների միջոցով:

Իսկ ի՞նչ կլինի, եթե ողջ ընդդիմությունը ներգրավված լինի ընտրական գործընթացում, ընտրողներն էլ շահագրգռված լինեն քվեարկության ելքով ինչ-որ բան փոխելու հարցում: Այս հարցի պատասխանն է եղել Սերժ Սարգսյանի զայրույթի պատճառը»:

 

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում