«168 Ժամ» թերթը գրում է.
«ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կոչը՝ ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերով ձևավորել լայն կոալիցիա և միասնաբար մասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, ինչպես և կարելի էր սպասել, ըստ էության, մնաց անարձագանք: Բագրատյանի հայտարարությունից հետո, ինչպես լինում է սովորաբար, սկսեցին խոսել դաշինքների ու կոալիցիաների՝ արհեստական լինելու, ինչպես նաև՝ այն մասին, որ Հայաստանում նախընտրական միավորներն արդյունավետ չեն գործում: Մի խոսքով, գրեթե բոլորը՝ քաղաքավարության համապատասխան չափաբաժնով, մերժեցին Հրանտ Բագրատյանի առաջարկը:
Ընդդիմադիր ուժերի հիմնական մասը պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել միայնակ: Դրանում, իհարկե, որևէ արտասովոր բան չկա, նորմալ է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ցանկանում է սեփական դեմքով հանդես գալ ընտրություններում և հաղթելու դեպքում՝ խորհրդարանում ներկայացված լինել սեփական անդամներով: Սակայն Հայաստանի անցած շուրջ քսան տարիների փորձը, որին հղում են անում դաշինքներին դեմ հանդես եկողները, բացի նախընտրական կոալիցիաների անարդյունավետությունից, ցույց է տվել նաև, թե ինչպես է փոշիանում ընդդիմադիր ընտրազանգվածը, երբ ընդդիմադիրներն ընտրություններին մասնակցում են առանձին-առանձին:
Ընդ որում, շատ հաճախ առանձին-առանձին մասնակցելով՝ պայքարում են ոչ այնքան՝ իշխանության, որքան միմյանց դեմ՝ մեծագույն ծառայություն մատուցելով տվյալ պահի իշխանությանը: Նախընտրական դաշիքներին դեմ հանդես եկողների փաստարկները՝ դրանց արհեստական լինելու մասին, իհարկե, հիմնազուրկ չեն: Բայց գրեթե նույնքան արհեստական է՝ հղում անելով դաշինքների արհեստականությանը, ամեն գնով ընտրություններին առանձին մասնակցելը: Որովհետև, կրկնում ենք, որքան շատ են ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը, այնքան ավելի մեծ է ընդդիմադիր ընտրազանգվածի մասնատման, տրոհման հնարավորությունը: Հրանտ Բագրատյանին կարելի է մեղադրել ամեն ինչում, բացի գաղափարական մարդ չլինելուց:
Ով՝ ով, բայց Բագրատյանը շատ լավ է հասկանում քաղաքական գործընթացներում գաղափարների, դրանց հիման վրա դաշինքների ձևավորման կարևորությունը: Բայց բոլոր գաղափարները, արժեքներն ու սկզբունքներն ի վերջո դառնում են վիրտուալ, երբ դրանք նույն հարթության մեջ են հայտնվում այն «գաղափարի» հետ, որ իշխանությունն ամեն գնով կեղծելու է ընտրությունները՝ անվանապես՝ որակյալ, բովանդակությամբ՝ անորակ մեծամասնություն ապահովելու համար: Եվ ընտրություններին միասնաբար մասնակցելը կարող է դառնալ իշխանական այդ արատավոր մեքենայի դեմ պայքարելու շատ քիչ թվով միջոցներից մեկը: Անգամ, եթե ընդդիմադիր ուժերը դավանում են այլ գաղափարախոսության և ունեն ծրագրային, ռազմավարական ու մարտավարական տարաձայնություններ:
Բայց ինչպես տեսնում ենք, մեր ընդդիմությունը շատ «սկզբունքային» է և չի ցանկանում զիջել ինչ-որ մաս (նախընտրական դաշինքը նշանակում է սեփական կուսակցության անդամների՝ ավելի քիչ թվով ներկայացվածություն նախընտրական ցուցակում)՝ ընդհանուրի հաղթանակի համար: Քանի որ մեր ընդդիմադիրների մեծամասնության համար միայնակ պարտությունն ավելի գերադասելի է, քան ընդհանուր հաղթանակը:
Ի դեպ, այդ առումով իշխանությունը՝ բոլոր թերություններով հանդերձ, տարբերվում է ընդդիմադիրներից: Իշխանությունը պատրաստ է նույն Դաշնակցությանը զիջել իշխանության ինչ-որ մաս (թեկուզ փոքր)՝ 2017 թվականին ավելի սահուն վերարտադրվելու համար: Իշխանությունը պատրաստ է զիջել իր ունեցած իշխանությունից, մինչդեռ ընդդիմադիրները պատրաստ չեն զիջել իրենց չունեցած՝ ապագայում ունենալիք իշխանությունից՝ մանդատների թվից:
Դրա համար էլ այս օրերին իշխանությունը նախընտրական կոալիցիա է կազմում, իսկ ընդդիմադիրներն օրեր շարունակ բանակցում են… Ազատության հրապարակում հանրահավաքը միասնաբար կամ առանձին անելու հարցի շուրջ: Դժվար չէ կանխատեսել, որ այդ վեճը շարունակվելու է առնվազն մեկ տարի: Մինչև 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: