Հայաստան 2019, Երևան

՛՛Եսիմ ինչ դարձած իմ Էրեբունի՛՛ (կարդալ բարձր ձայնով, քայլերգի ներքո) Նվիրվում է հանգուցյալ Արամի 30 շենքի հիշատակին:

Սկսում ենք Երևանի 2800-ամյակին նվիրված տոնական պաշտոնական շքերթը: Հոբելյանի կապակցությամբ Երևանը վերջապես ստացավ իր նոր կարգավիճակը՝ Հայաստանի հանրապետության ՄԱՅՐԱՏԱՐԱԾՔ: Անցավ, գնաց, մնաց անցյալում անհասկանալի <քաղաք> հասկացողությունը:

Առաջինը տարացքի գլխավոր հրապարակ են մտնում ՏԱՐԱԾՔԱՊԵՏԱՐԱՆԻ աշխատակիցները ՏԱՐԱԾՔԱՊԵՏԻ գլխավորությամբ:

ԿԵՑՑԵ ՊԱՐՈՆ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ

Այնուհետև մենք տեսնում ենք ամենայն հայոց ճարտարապետ Նարեկ Սարգսյանին ՛՛Ավելի բարեկարգ Երևան՛՛ պաստառով:

ԱՎԵԼԻ ԲԱՐԵԿԱՐԳ, ՔԱՆ ՎԱՐԴԵՆԻՍԸ, ԸՆԿԵՐՆԵՐ

Նա հնչեցնում է երկար սպասված լուրը. Ալեքսանդր Պուշկինի անվան փողոցը վերանվանվել է Ալեքսանդր Սարգսյանի անունով և այժմ կիսում է Ռոբերտ Քոչարյանի անվան հյուսիսային պողոտան:

Ամեն դեպքում 2-րդ նախագահի գրասենյակը հանդես կգա հայտարարությամբ:
Իսկ այժմ մեր տոնակատարության գլխավոր ավետիսը. վերջապես Կասկադից ապամոնտաժվել են Բոտերոյի ցածրորակ քանդակները և փակվել է աննպատակ թանգարանը, ու դրա փոխարեն ՄԱՅՐԱՏԱՐԱԾՔԻ ամենաչալաղաջ տեղում կառուցվել է ամենամեծ ՛՛Երևան Սիթի՛՛ սուպերմարկետը:

ՈՒՄ ԴՈՒՐԸ ՉԻ ԳԱԼԻՍ, ՍԻԹԻ ԵՂԵՔ ԸՆԿԵՐՆԵՐ

Հրապարակ են մտնում հայոց մարզերի ներկայացուցիչները: Սուրիկի մարզի պատվիրակությունը մարզպետի և նրա որդու՝ Էկոլոգիայի նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ:

ՍՅՈՒՆԻՔ ԹՈՂԻՔ, ԸՆԿԵՐՆԵՐ

Նրանց հաջորդում են Առաքել Մովսիսյանը և Արմավիրի մարզի Շմայսի անվան միջնակարգ դպրոցի սաները:

ՏԱՐՈՍԸ ՁԵԶ, ԹՈԽՄԱԽԻ ՄՀԵՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ

Հրապարակ են դուրս գալիս Երևանի նախկին քաղաքապետերը՝ Ռոբերտ Նազարյանը և Երվանդ Զախարյանը: Քաղաքամայր Երևանի քաղաքամայրիկը լացացնելու գործում մեծ ավանդի համար նրանց շնորհվում է Նարեկ Սարգսյանի անվան պետական մրցանակ և Samsung Galaxy G7 հեռախոսներ:

ՄԵՐ ԳԼԽԻ ՎՐԱ ՏԵՂ ՈՒՆԵՔ, ԸՆԿԵՐՆԵՐ

Հրապարակ են մտնում երևանցիները: Բոլոր 325 հոգին այստեղ են:

ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՄԱՅՐԱՏԱՐԱԾՔԻ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԲԱՐԵԿԱՄ

Հայաստանի ժողովրդական արտիստ Արմեն Հապետի Գոնդրաչյանի երգի ներքո բոլորս գնում ենք դեպի ՛՛ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ՛՛ ՓԲԸ:

ՎԵՐՋ

Ռաֆայել Հովհաննիսյան