Շատ երկրներում ընդունված է անապահով մարդկանց տրամադրել «սննդի քարտեր», որոնց միջոցով նրանք կարող են խանութներից գնել սահմանված տեսակի ապրանքներ:
Քանի որ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր առօրյա հացի խնդիր ունեն, կառավարությունը կարող է մշակել ծրագիր, բանկերից մեկը հետ պայմանավորվել և թողարկել քարտեր, որոնց միջոցով անապահով ընտանիքի անդամները կկարողանան ամսվա մեջ մի քանի անգամ խանութներից գնել միայն հայրենական արտադրության սննդամթերք:
Իսկ որտեցի՞ց վերցնել այդ գումարները. կրճատելով կառավարության անդամների սպասարկման ծախսերը: Միևնույն է դրանք կառավարության անդամների անձնական փողերը չեն, այլ մեր բոլորի կողմից վճարված հարկերն են:
Դրանով մի քանի կարևոր հարց կլուծվի. նախ, մարդկանց հացի խնդիրը կլուծեք, վերջիվերջո ամոթ է ունենալ օրերով սոված մնացող թոշակառուներ ու երեխաներ: Երկրորդ՝ կխթանվի տեղական արտադրությունը, քանի որ այդ քարտերով հնարավոր կլինի ձեռք բերել միայն տեղական արտադրության սննդամթերք:
Երրորդ՝ նախընտրական տարի է, վստահություն ձեռք բերելու խնդիր ունի իշխող ուժը, իսկ եթե համապատասխան ոլորտը տրվի կոալիցիա կազմող դաշնակներին՝ նրանք թող սա անեն, թող լինի իրենց առաջին լավ քայլը կոալիցիայի կազմում:
Մովսես Դեմիրճյան