«Իրատես de facto» թերթը գրում է.
«Արցախի կառավարությունը հանդես է եկել մի նոր նախաձեռնությամբ. 2016-ին նշվում է Արցախի անկախության 25-րդ տարեդարձը, և այդ կապակցությամբ թողարկվելու է 10 հազար շիշ 25 տարեկան կոնյակ՝ համագործակցելով Երևանի գինու-կոնյակի գործարանի հետ։ Համարակալված կոնյակը հանվելու է շուկա վաճառքի, և շահույթն ուղղվելու է պաշտպանական նպատակների։ Այս մասին Արցախի ազգային վիճակախաղի շահումների հանձնման ժամանակ ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը։
Նա համոզմունք է հայտնել, որ այդ կոնյակները բացվելու են Անկախության օրը միմյանց շնորհավորելու համար։ Արդեն մայիսի 9-ին ծրագրում են Ստեփանակերտում և Երևանում կազմակերպել մեծ միջոցառում և առաջին խմբաքանակը հանել վաճառքի։
ԼՂՀ փոխվարչապետը Հայաստանում բնակվողներին հրավիրում է Արցախ. «Արցախցին ձեր կարիքն ունի, պարզ շփումների կարիք ունի։ Ստեփանակերտի հրապարակում կանգնեք, ուղղակի զրուցեք մարդկանց հետ։ Հեռախոսահամարներ, ֆեյսբուքյան հասցեներ փոխանակեք»։
Խոսելով Արցախի ազգային վիճակախաղի մասին՝ Արթուր Աղաբեկյանը նշել է, որ դրա հիմնական նպատակը ԼՂՀ-ում աշխատատեղեր ստեղծելն է։ Լեռնային Ղարաբաղի աշխատող տղամարդկանց զգալի մասն ընդգրկված է պաշտպանության բնագավառում՝ սպաներ են, ենթասպաներ, շարքային զինվորներ, և շատ կարևոր է Արցախում հատկապես կանանց համար աշխատատեղերի ստեղծումը»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: