Ներսես Թաիրյան` կոնյակի արտադրության հիմնադիրը Երևանում... Կոնյակի արտադրությունը Երևանում հիմնադրել է 1-ին դասի (գիլդիայի) վաճառական Ներսես Թաիրյանը` 1887 թվականին: Ներսես Աղաջանի Թաիրյանը ծնվել է Ղարաքիլիսայում (ներկայումս` Վանաձոր), ավարտել է Մոսկվայի գյուղատնտեսական ակադեմիան, որից հետո կատարելագործվել է Ֆրանսիայում: Հայտնի է, որ 1870-ականների սկզբին Թաիրյանը հողատարածքներ է գնում երևանաբնակ Հայրապետ և Նահապետ Տեր-Հովակիմյաններից Երևանի բերդում և նրան հարող տեղանքում, տնկում է այնտեղ խաղողի այգիներ և 1874-ին հիմնում գինու, օղու և դոշաբի արտադրության գործարան: Համարվում է, որ այն Երևանի նահանգում առաջին մասնագիտացված և կատարելագործված արտադրությունով գործարանն է հանդիսացել:
Տարիների ընթացքում Թաիրյանի արտադրանքը դառնում է բավականին պահանջված, և նա որոշում է ընդլայնել իր արտադրության տեսականին և սկսել ֆրանսիական տեխնոլոգիայով կոնյակի արտադրությունը: Այդ նպատակի համար Ֆրանսիայից գնվում են խաղողի սպիրտի ծխեցման երկու հատուկ կուբեր, ընդլայնվում են գործարանի շենքային պայմանները` սարքվում են հնեցման և կաղնու տակառների պատրաստման արտադրամասերը: Եվ ահա 1887-ին Թաիրյանի գործարանը սկսում է արտադրել կոնյակ, որն իր յուրահատուկ բուրմունքի և համային հատկանիշների շնորհիվ շուտով համբավ է ձեռք բերում: 1892-ին Թաիրյանը գլխավոր տեխնոլոգի պաշտոնում գործարան է հրավիրում երիտասարդ և խոստումնալից մասնագետ, Մոնպելյեի գինեգործության ակադեմիան (Ֆրանսիա) ավարտած, ծնունդով երևանցի Մկրտիչ Մուսինյանին, որն էլ արդեն կարողանում է ամենաբարձր չափանիշների հասցնել կոնյակի արտադրությունը Թաիրյանի գործարանում:
Առողջական խնդիրների պատճառով Ներսես Թաիրյանը 1899 թվին վարձակալության է տալիս իր գործարանը այն ժամանակ արդեն հայտնի ռուսաստանյան արդյունաբերողներին` «Նիկոլայ Շուստով և որդիներ» ընկերությանը, որից հետո 1900-ին վերջնականապես վաճառում է գործարանը նրանց, տեղափոխվում Տիֆլիս, որտեղ էլ մահանում է 1902-ին:
Ռուբեն Շուխյան