Ի՞նչ է իմաստությունը, որ լցնում է տարվա չնչին ժամանակահատվածը կամ յոթանասուն կամ ութսուն տարիներն ի՞նչ են իմաստության առջև, որը դարերով է չափվում և ամրացած վերադառնում է ժամանակին` իր հետ բերելով հարուստ նվերներ և հարսանիքի սեղանի շուրջ նստած հյուրերի` ձեզ նայող ուրախ դեմքեր: Միայն հոգին է ինքն իրեն պատկանում… մնացած ամեն ինչ կապված է հաջորդ եկողի հետ: Այն ամենը, ինչ մարդ ասում կամ անում է, իր ետևից ինչ- որ հետևանք է թողնում:
Տղամարդը կամ կինը չեն կարող այնպիսի քայլ անել, որը օրվա ընթացքում կամ ամսվա, կամ ընդհուպ մահ նրանց հատկացված ցանկացած ուղղակի ժամանակահատվածում չազդեր նրանց կյանքի վրա և որը չշարունակեր ազդել նրանց վրա իրենց ամբողջ անուղղակի ժամանակում: Անուղղակին միշտ այնքան մեծ է և իրական, որքան ուղղակին: Ոգին մարմնից ստանում է այնքան, ինչքան ինքն է տալիս մարմնին: Ոչ մի բառ կամ արարք… ոչ շատակերների կամ ռոմ խմողների ուռած երակները… ոչ գանձարանի կողոպուտը կամ խորամանկությունը, դավաճանությունը կամ մարդասպանությունը… ոչ կանանց գայթակղողների օձի թույնը… ոչ կանանց անմիտ զիջողականությունը… ոչ երիտասարդության ցոփությունը… ոչ անազնիվ միջոցներով հարստություն դիզելը… ոչ զզվելի ագահությունը… ոչ սպաների դաժանությունները շարքայինների հանդեպ, ոչ դատավորների դաժանությունը բանտարկյալների հանդեպ, կամ հայրերինը` որդիների, կամ` որդիներինը` հայրերի, կամ` ամուսիններինը` իրենց կանանց, կամ` տերերինը` աշխատավորների…. ոչ պագշոտ հայցքները կամ ստոր ցանկությունները, ոչ… խարդախությունները, որոնցով մարդիկ իրենք իրենց են խաբում… ոչինչ չի կարողացել և ոչ ոք չի կարող հիշատակվել ու մոռացվել, ամեն ինչ արժանիորեն հաշվի է առնվում և հատուցվում է, և հատուցվածը հետագա գործերում նորից է հատուցվում… և նրանք նորից են հատուցվում: Գթասրտության ալիքը կամ մարդու մեջ թաքնված ուժերը չեն կարող խորագույն անհրաժեշտություն չունենալ և կարևոր չէ` նրանք կերևան, թե ոչ:
Կարիք չկա ապացուցել դա… գումարել, հանել կամ բաժանելը անօգուտ աշխատանք է: Ինչպիսին էլ լինի մարդը` նշանավոր թե աննշան, կրթված թե անկիրթ, սպիտակ թե սև, իրավահավասար թե օրենքից դուրս, հիվանդ թե առողջ,- կոկորդ մտնող առաջին շնչից մինչև կոկորդից ելնող վերջին շունչը,- այն ամենը, ինչ տղամարդը կամ կինը անում են, եթե բարի սրտով են անում, և արարքը ուժի ու մաքրության մասին է խոսում, անկասկած, տիեզերքի անսասան համակարգում և բոլոր տարածություններում հավերժ օգտակար կլինի նրանց…
Սիրարփի Մարգարյան