«Հրապարակ» թերթը գրում է.

«Եթե սահմանադրական հանրաքվեից հետո ՀՀԿ ֆրակցիայի օդիոզ խավը դեռ որոշ հույսեր փայփայում էր, որ հնարավոր է հաջորդ ԱԺ-ում ոտատեղ ունենա, ապա Սերժ Սարգսյանի ելույթից հետո «բրոունյան շարժման» մեջ է հայտնվել և «կդառնա՞ք պատգամավոր» հարցին օդիոզ պատասխաններ է տալիս: Ի պատասխան այդ հարցին` Նովոն ահավոր մեծ չարությամբ ոտից գլուխ չափեց մեզ, լուռ մտավ ԱԺ դահլիճ:

Յուր անճար սրտին հանց մխիթարանք Մխիթարյան Արմենն ասաց. «Մամայիս արև, քո արև՝ չեմ ուզում»: Ապա իր «չուզելը» պատճառաբանեց նրանով, որ «առաջներում» ինքը գոնե մի բան անում էր Աֆղանստանում կռված տղերքի համար, հիմա ոչ օգնող կա, ոչ բան: «Համ էլ թող ջահելները գան»,- վերագտավ պատասխանը:

Կիլիկիա Հակոբ. Դուք է՞լ եք անմխիթար Արմենի նման ու հիասթափված, հարցրինք Հակոբ Հակոբյանին: «Չէ, ես հիասթափված չեմ, սպասում եմ Ընտրական օրենսգրքի ընդունմանը, տեսնենք ինչպես կլինի»: Սպասում եք, թե «ի՜նքը որոշի»: «Ոչ, ես նորմալ աշխատել եմ, հիմա էլ սպասում եմ ԸՕ-ին, որը նաև ռեյտինգային քվեարկություն է նախատեսում»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: