Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի բնակիչ Վահրամ Համբարձումյանը զինվորներին ստրուկների հե՞տ է շփոթել… Թեև ստրուկների հետ էլ, կարծում ենք, այդպես չի կարելի վարվել:
Հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ. փետրվարի 3-ին, ժամը 18-ի սահմաններում հրամանատար Մելիք Խաչատրյանի հրամանի համաձայն, նույն գումարտակի զորանոցում հեռուստացույց դիտելու ժամանակ անձնակազմի կողմից առաջացած աղմուկը վերացնելու նպատակով, զինվորական կարգապահությունը խախտողներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն, զինվորական աթոռակը դիտավորությամբ նետել է անձնակազմի ուղղությամբ: Վահրամ Համբարձումյանի այս «դաստիարակչական» միջոցառման հետևանքով աթոռակը դիպչել է նրա նկատմամբ ստորադրյալ հանդիսացող, ժամկետային զինծառայող Արթուր Հեքիմյանի գլխին, վերջինիս առողջությանը պատճառել թեթև վնաս` առողջության տևական քայքայումով,-գրում է Փաստինֆոն:
Վերոնշյալ արարքի համար Վահրամ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի («Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը») 1-ին մասի հատկանիշով: Նույն քր. գործի շրջանակում և նույն հոդվածի 1-ին մասի հատկանիշով մեղադրանք է առաջադրվել նաև ԼՂՀ Հադրութ քաղաքի բնակիչ Արեն Վերդյանին: Ըստ մեղադրական եզրակացության, նա 2013թ. փետրվարի 4-ին գտնվելով զորամասի բուժկետում, ժամը 07:30-ի սահմաններում Վահրամ Համբարձումյանի ուղեկցությամբ բուժկետ այցելած Արթուր Հեքիմյանի բուժզննման ժամանակ Համբարձումյանից տեղեկանալով կատարվածի մասին, թաքցրել է հանցագործությունը և այդ մասին չի զեկուցել վերադաս հրամանատարությանը: