ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության պատվիրակությանը` Սթյուարտ Դիքսոնի գլխավորությամբ: Պատվիրակությունը ժամանել է` հետեւելու մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքին:

Ա. Գեւորգյանը նախ շնորհակալություն հայտնեց Կոնգրեսի կողմից Հայաստանի կառավարության հրավերի ընդունման եւ դիտորդական առաքելության իրականացման համար: Նա հյուրերին տեղեկություններ ներկայացրեց ընտրական գործընթացի մասին` նշելով, որ Երեւանի ավագանու ընտրությունները եւս, ինչպես վերջին մեկ տարվա ընթացքում հանրապետությունում տեղի ունեցած ընտրությունները, անցկացվում են նոր Ընտրական օրենսգրքի համաձայն, որն անհրաժեշտ պայմաններ է ապահովում ազատ եւ արդար ընտրությունների իրականացման համար:

Ա. Գեւորգյանը նշեց, որ Երեւանի ավագանու ընտրություններն անցկացվում են բավականին ուժեղ մրցակցային պայմաններում: Առաջադրվել է յոթ քաղաքական ուժ, որոնք կտիվ քարոզարշավ են իրականացնում, այդ թվում` հեռարձակվող լրատվամիջոցներով: Բոլոր ուժերը հավասարապես ունեցել են սահմանված հնարավորությունները` ինչպես առաջադրվելու, գրանցվելու, այնպես էլ քարոզչություն իրականացնելու առումով:

Ընտրական հանձնաժողովներում եւս ոչ իշխանական քաղաքական ուժերը բավականին մեծ ներկայացվածություն ունեն, ինչը թույլ կտա լուրջ վերահսկողություն իրականացնել ինչպես հանձնաժողովների աշխատանքի, այնպես էլ ընտրական գործընթացի նկատմամբ:

Երեւանի ավագանու ընտրություններն անցկացվում են արդեն երկրորդ անգամ եւ, ըստ Ա.Գեւորգյանի, Երեւանի ՏԻ մարմինների ձեւավորման մոդելը կայանում է ու հետագայում հնարավոր է կիրառվի հանրապետության մյուս խոշոր քաղաքների դեպքում եւս:

Ա. Գեւորգյանը պատասխանեց նաեւ պատավիրակության անդամներին հետաքրքրող հարցերին: