«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով կռիվ է ընկել Հայ հեղափոխական դաշնակցության հայաստանյան և արտասահմանյան կառույցների միջև: Հատկապես ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կառույցները սուր տարաձայնություն ունեն, ինչի պատճառը Հայաստանում ՀՅԴ-ի և իշխանությունների առաջիկա համագործակցությունն է:

Մեզ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի դաշնակցականները կտրուկ դեմ են այդ համագործակցությանն ու ընդհանրապես ՀՀ իշխանություններին և գրեթե դադարեցրել են Հայաստանի կառույցի ֆինանսավորումը:

Մինչդեռ Ֆրանսիայի կառույցն ու հատկապես այդ կառույցի կարկառուն անդամ Մուրադ Փափազյանը կողմ են համագործակցությանը: Ընդ որում, Ֆրանսիայում ոչ բոլորն են համամիտ Փափազյանի հետ, Հայաստանի դաշնակցականների քայլերը պաշտպանում են հիմնականում ավագ սերնդի ներկայացուցիչները, երիտասարդները դեմ են ոչ միայն ՀՀ դաշնակցականների այդ քայլերին, այլև սուր տարաձայնություններ ունեն Ֆրանսիայի ՀՅԴ բուն կառույցի հետ:

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ում խնդիր կա նաև խորհրդարանում Արծվիկ Մինասյանի տեղը զբաղեցնող անձի հետ: Հաջորդը, որը պետք է էկոնոմիկայի ապագա նախարար Արծվիկ Մինասյանի փոժարեն ԱԺ մտնի դաշնակցության ցուցակով, գործարար Կարեն Շախմուրադյանն է՝ «Կարկոմավտո» ընկերության սեփականատերերից մեկը: Բայց ՀՅԴ ղեկավար կազմը ցանկանում է ԱԺ բերել նախկին պատգամավոր Ռուզան Առաքելյանին, իսկ Շախմուրադյանն իր տեղը զիջելու ցանկություն չունի»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։