Փաստաբանների պալատ դիմում է ներկայացվել փաստաբան Գարիկ Գալիկյանի նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնելու պահանջով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի իրավաբան Արթուր Մակարյանը: Վարույթի հարուցում կապված է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարերից մեկում հնչեցրած խոսքերի հետ:
Գալիկյանը մասնակցում էր հաղորդաշարի թողարկումներից մեկին, որտեղ հերոսը սեռական փոքրամասնության ներկայացուցիչ էր ու չէր կարողանում աշխատանք գտնել, թույլ է տվել փաստաբանին ոչ հարիր արտահայտություններ:
Արթուր Մակարյանը հայտնեց, որ Գարիկ Գալիկյանը կարծիք է հայտնել՝ սեռական փոքրամասնությունները սպառնալիք են հասարակության համար, կարող են իր ասածների վերաբերյալ հաղորդում տալ իրավապահ մարմիններին և այլն:
«Սա փաստաբանի վարքագծի կանոնագրքի իրավադրույթներով սահմանված կետերի խախտում է»,- ասաց նա: