Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո իր առողջության վերաբերյալ որևէ բողոք չի ներկայացրել: Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Պատասխանելով Զարուհի Փոստանջյանի հարցին նա նշեց. «Մինչ այս պահը նա իր առողջության վերաբերյալ որևէ բողոք չի ներկայացրել: Իմ հանձնարարականով նրան նաև բժիշկները մոտեցել են, հարցրել են՝ ունի՞ առողջական խնդիրներ, թե ոչ: Նա պատասպանել է, որ խնդիրներ ունի ոչ թե ինքը, այլ իր խցակիցները: Ահա այսպիսի պատասխան է տվել»:
Վարդգես Գասպարին «Նուբարաշեն» ՔԿՀ է տեղափոխվել փետրվարի 19-ին և մինչև փետրվարի 22-ը գտնվել է կարանտինային խցում, որից հետո էլ տեղափոխվել է կալանավորված անձնաց պահման համար նախատեսված խուց: «Այնտեղ նա պառկել է գետնին, ինչի հետևանքով լարված հարաբերություններ են առաջացել նրա ու խցակիցների միջև: Դրանից հետո նա տեղափոխվել է մեկ այլ խուց, որտեղ եղել է ընդամենը մեկ կալանավոր»,- մանրամասնեց Հովհաննիսյանը: