Այսօր լրանում է հայ զորահրամանատար, պետական գործիչ ֆիդայապետ Անդրանիկ Օզանյանի 151-ամյակը: Նա ծնվել է 1865թ., փետրվարի 25-ին: Առանձնակի դեր է խաղացել Հայ ազատագրական շարժման գործում։ 

Ներկայացնում ենք Անդրանիկ Զորավարի մտքերից և նրա մասին ասված խոսքերից մեջբերումներ:

«…Եթե կուզեն ինձ պատիվ մը անել, ես իմ արձանս չեմ ուզեր, փառավոր թաղում չեմ ուզեր: Թող հայ ժողովուրդը կանգնեցնի ավերակ դարձած Առաքելոց վանքը և այնտեղ փոքրիկ ուսումնարան մը շինե հայ մանուկների համար: Այս է իմ ամբողջ բաղձանքս և բարոյական պահանջս հայ ժողովուրդեն»:

Զորավար Անդրանիկի կտակից

***
«...Հա՛յ ժողովուրդ, եթե հավաքական կերպով չպատասխանես այս կոչիս, եթե չգիտակցես այն մահվան սև երազին, որ կը սավառնի մեր բովանդակ հայ ժողովըրդին վրա, եթե դուն հասկացությունը չունենաս ստեղծված ծանր րոպեին, ետ առ ինձմե հորս անունը, զոր դուն ես տված, և իրավունք մի՛ ունենար վերցնելու իմ դիակը, իրավունք մի՛ ունենար իմ վրա արտասվելու, թող թաղե զիս այն կոզակը, որ երեկ իմ կողքին կուրծքը կուտար մեր թշնամուն և ձորերը մնացած հայ որբուկները կգրկեր և կգգվեր»:

Զորավար Անդրանիկի կոչից

***
«Անդրանիկը մեռաւ իր փափաքին չհասած, որ ազգինն էր միանգամայն, բայց նա երկար ու անձնուիրութեամբ ծառայեց համազգային նպատակին, ուստի իր անունն ու յիշատակը դարձան համազգային: Կամաւոր նահատակների մի ընտիր խումբ, որ պայքարի մտաւ քառորդ դար առաջ և որոնց շարքից էր նաեւ Անդրանիկը, նոյնքան անձնազոհ էր, որքան սա: Նոր մարտական հայութեան առաջին ծիլերն էին, ամէն մէկը ընտրուած հազարի միջից, ամէն մեկը մի զօրաւոր անհատ, բայց ընտիրների եւ զօրաւորների մէջ աչքի ընկաւ Անդրանիկը»:

Նիկոլ Աղբալյան

***
«Մայր բնութիւնից և բախտից պարգևատրուած բացառիկ անհատներից էր Անդրանիկը և բացառիկ վիճակի արժանացաւ նա հայոց պատմութեան մէջ: Եթէ ժողովրդական կամ ազգային հերոս բառը որոշ իմաստ ունի, Անդրանիկը եղաւ բառիս ամենալայն մտքով ազգային հերոս, որի ճակատը դափնէ պսակով զարդարեցին «Հայոց Կուսանք» և հայ աշուղները փառքի երգեր ձօնեցին նրան»:

Սիմոն Վրացյան

***
«Այս գերեզմանին առջև մեր հոգիի և մտքի աչքերով կը տեսնենք վերջին հարիւր տարիներու ընթացքին մեր ժողովուրդի մղած անհավասար պայքարը իր արժանապատւութեան, իր գոյութեան և ազատութեան համար: Այդ կը կոչուի, ինչպէս գիտէք, հայ ազատագրական շարժում, որուն արիւնոտ ճանապարհին վրայ կը բարձրանայ հերոսական կերպարը զօրավար Անդրանիկի»:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն 1-ին

***
«Սասունի արծիւը չկայ այլևս... Մանուկները ծնողի մահը չեն ըմբըռնում, ազգերը՝ հերոսի: Առաջնորդ, շէֆ էր ծնուած Անդրանիկ: Ամէն տեղ ու ամէն պարագաներում Անդրանիկ մնում էր տիրական, իշխող ու հրամայող»:

Ավետիս Ահարոնյան