«Հրապարակ» թերթը գրում է.
«Ոչ ոք չէր պատկերացնում, որ բողոքի ակցիաներին մասնակցող, հանրահավաքային գրեթե բոլոր վայրերում, բառիս ուղղակի իմաստով, պառկած սփյուռքահայ Վարդգես Գասպարիի կալանքն այսքան աղմուկ կհաներ և այսպիսի հետևանքներ կունենար։ Կալանավայրերում, որպես կանոն, քաղաքականապես ակտիվ գործիչներին հարգանքով են վերաբերվում, սակայն, ըստ ամենայնի, ոչ միայն մեր երկրի ընդհանուր քաղաքական մշակույթն է անկում ապրել, այլև կալանավորներն էլ են «փչացել»։ Իրեն խոշտանգելու սահմռկեցուցիչ փաստերը, որոնք Գասպարին հրապարակեց այս օրերին, վկայում են այն մասին, որ կալանավայրերում խայտառակ վիճակ է՝ գողական հարաբերություններն ու մարդու իրավունքների ոտնահարումը հասել են գագաթնակետին։ «Մարդիկ, որոնք մեկ ժամ առաջ հանգիստ էին, կատաղեցին գիշատիչների նման, երբ արդեն հրահանգ էին ստացել։ Նրանք հեռախոսով խոսում էին և․․․ հարձակվում էին, խփում, պահանջում, որ հացադուլի մեջ գտնվող մարդը հաց ուտի, դուրս գա հացադուլից։ Պահանջում էին՝ խփելով, սեռական վերջին հայհոյանքներով…
Նրանք գիտեին, որ եթե չկատարեն այդ «պալաժենիի» հրահանգները, իրենք կհայտնվեն ավելի վատ վիճակում»,- պատմել է Գասպարին լրագրողներին։ Նա «Նուբարաշեն» ՔԿՀ-ն համեմատել է սպանդանոցի հետ, որտեղ «յուրաքանչյուր ոք կարող է լինել զոհ, ապա նույն դաժան բռնություններ իրականացնողը կարող է դառնալ զոհ»։ Նա նաև պատմել է, որ կալանավայրում մեծ քանակությամբ թմրանյութ կա, և հսկայական գումարներով «ղումար» են խաղում։ Թերևս, արժե շնորհակալ լինել այս դիպվածին, որ Գասպարիի նման ակտիվ ու անվախ մեկը հայտնվեց կալանավայրում և հանրությանը հասցրեց այս ինֆորմացիան։ Բայց այս նկարագրությունը պետք է ոչ միայն շոկ առաջացնի, այլև իրավիճակը փոխելու քայլերի մղի։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։