«Հրապարակ» թերթը գրում է.

«Ընտրական նոր օրենսգրքում կամրագրվի ՀՀ խոշոր քաղաքներում ուղղակի ընտրությունները վերացնելու դրույթը: Հունիսին կընդունվի նոր ԸՕ-ն, իսկ սեպտեմբերին Գյումրիում և Վանաձորում քաղաքապետին կընտրեն այնպես, ինչպես Երևանում է: Ժողովուրդը կընտրի ոչ թե քաղաքապետ, այլ ընտրություններին հայտ ներկայացրած կուսակցական ցուցակներից ավագանի, որի կազմից էլ կընտրվի քաղաքապետ: Նշված քաղաքներում արդեն քաղաքական խլրտոցներ կան, անկուսակցականները քաղաքական հենարանի փնտրտուքների մեջ են, բանակցում են ակտիվ կուսակցությունների հետ, որպեսզի կուսակցական ցուցակով հնարավորություն ունենան մասնակցել ընտրություններին: Օրինակ, մեր տեղեկություններով, Վանաձորի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող Քրիստ Մարուքյանը եղբոր՝ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանի» ցուցակով կմասնակցի: Իսկ Գյումրիում խոսում են, որ քաղաքի խնդիրներով մտահոգ ակտիվ հանրույթը որոշել է նոր կուսակցություն հիմնել, նախաձեռնողների շարքում հնչում են «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի և ԳԱԼԱ հեռուստաընկերության նախագահ Վահան Խաչատրյանի անունները:

«Գյումրին ունի բազում խնդիրներ, մեր հեռուստաընկերությունում ձևավորվել է մարդկանց մի խումբ, ովքեր զբաղվում են այդ խնդիրները լուծելով, բայց այդ համակարգող կենտրոնը քաղաքական գործընթացների հետ գործ չունի»,- իր քաղաքական պլանների մասին այսպես պատասխանեց Վահան Խաչատրյանը։ Իսկ մտադրություններ կա՞ն քաղաքական կյանքին մասնակից դառնալու։ «Դրա մասին խոսելը դեռ վաղ է, որովհետև դեռևս կոնկրետ գործընթացներ չկան, երբ կլինի նոր Ընտրական օրենսգիրքը, նոր կարելի է այդ մասին խոսել»:

 

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։