ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել են թիվ 10/13 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին անցկացված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ Երևանի բնակիչ Կ. Յարդումյանը, հաշվառված լինելով թիվ 10/11 ընտրատեղամասում, այլ անձի փոխարեն քվեարկություն կատարելու նպատակով այցելել է թիվ 10/13 ընտրատեղամաս։
Նախնական քննության տվյալներով՝ հանձնաժողովի անդամներին ներկայացրել է այլ անձի անձնագիր և ստացել համապատասխան քվեաթերթիկ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել: Մոտենալով քվեատուփին՝ նկատել է, որ հանձնաժողովի անդամները քվեատուփի մոտ կանգնած մեկ այլ քաղաքացուն հայտնում են, որ նա այլևս չի կարող քվեարկել, քանի որ նրա անձնագրում արդեն առկա է քվեարկությանը մասնակցելու հանգամանքը հավաստող կնիք:
Նշված քաղաքացին հանձնաժողովի անդամի ձեռքից խլել է իր անձնագիրը և փախուստի դիմել, իսկ հանձնաժողովի անդամները ոստիկան են կանչել, որի հետևանքով Կ. Յարդումյանը վախեցել է և մտածելով, որ ինքը ևս չի կարող իր մտադրությունն ավարտին հասցնել՝ դիմել է փախուստի՝ իր հետ տանելով քվեաթերթիկը:
Նախաքննությամբ պարզվել է նաև թիվ 10/13 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարած քաղաքացու ինքնությունը, ով հանդիսանում է Երևանի բնակիչ Օ.Թոսունյանը։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կ.Յարդումյանին և Օ.Թոսունյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով՝ այլ անձի փոխարեն քվեարկության փորձ կատարելու համար:
Քրեական գործերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են նախաքաննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: