Երիտասարդներ, որ ցանկանում եք գեղեցկության սպասավորները դառնալ, դուք, հնարավոր է, ուրախ կլինեք այստեղ գտնելու իմ երկարատև փորձառության ամփոփումը: Ակնածանքով սիրեցեք այն վարպետներին, որոնք նախորդել են ձեզ: Զգուշացեք, սակայն, ձեր նախորդներին ընդօրինակելուց: Հարգելով ավանդույթը` կարողացեք կռահել այն հավիտենապես բեղմնավորը, որ նա պարունակում է իր մեջ. բնության սերն ու անկեղծությունն այն է, ինչին կրքոտությամբ կոչ են արել բոլոր հանճարները: Նրանք բոլորն էլ պաշտել են բնությունը և երբեք չեն ընդունել կեղծիքը: Այսպիսով, ավանդույթն այստեղ բանալի է տալիս, որը ձեզ կօգնի խուսափելու հնամոլությունից: Նա ձեզ առաջարկում է միշտ դիմել իրականությանը, բայց արգելում է կուրորեն հետևել որևէ վարպետի:
Թող ձեր միակ աստվածուհին բնությունը լինի: Անսահման հավատ ընծայեք նրան: Իմացեք, որ այն երբեք այլանդակ չի լինում. հավատարիմ մնացեք նրան` չվախենալով զոհաբերել ձեր փառասիրությունը:
Արվեստագետի համար ամեն ինչ գեղեցիկ է, որովհետև յուրաքանչյուր էակի, յուրաքանչյուր իրի մեջ նրա խորաթափանց հայացքը խառնվածք է հայտնագործում, այսինքն` այն ներքին ճշմարտությունը, որը լուսարկում է արտաքին ձևի միջոցով: Եվ այդ ճշմարտությունն ինքը գեղեցկությունն է: Ակնածանքով ուսումնասիրեցեք, և այդ որոնումների մեջ դուք անպայման կգտնեք այն, կհասնեք ճշմարտության…
Պատրաստեց՝ Սիրարփի Մարգարյանը