Համաձայն չեմ այն մարդկանց հետ, ովքեր ասում են, թե մեր երկրում ամեն ինչ վատ է ու գնալով ավելի վատ է լինելու: Իհարկե, ինչ-որ տեղ կարելի է նրանց էլ հասկանալ, որ կորցրել են իրենց հույսը, հիասթափվել են, բայց երբեմն լինում են այնպիսի բաներ, որոնք մարդկանց նորից հույս են տալիս, պահում իրենց հողի վրա և հավատ ներշնչում, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ, որ մեզ դեռ ավելի լավ օրեր են սպասվում, պետք է ուղղակի լավատես լինել ու նկատել նաև դրականը:

Օրինակ, օրեր առաջ «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներն էին բողոքում, մարդիկ հուսահատված էին, ելք չէին գտնում: Բայց պարզվում է՝ խավարի մեջ միշտ էլ լուսավոր կետ է լինում, և «Մալաթիա» տոնավաճառի առևտրականների հարցերն էլ հնարավոր է լուծվեն, ճիշտ այնպես, ինչպես 1 տարի առաջ լուծվեցին «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցների խնդիրները: Բոլորս ենք հիշում, թե ինչպես Գագիկ Ծառուկյանը մոտ 1000 առևտրականի տարածք տրամադրեց՝ աջակցելով նրանց սեփական բիզնեսը չկորցնելու գործում, և այսօր վերջիններս գոհունակությամբ են ամփոփում անցած ամիսները «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնում: Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակը, հարկային պարտավորությունները առևտրով զբաղվող մարդկանց համար դարձել են գրեթե անհաղթահարելի արգելքներ, որը հաղթահարելու գործում անգնահատելի է Գագիկ Ծառուկյանի կատարած ազգանվեր աշխատանքը:

Հուսով եմ, «Մալաթիա» տոնավաճառի առևտրականների հարցը օրերս նույնպես կստանա որոշակի լուծում: Մամուլը, անդրադառնալով այս խնդրին, գրել էր, որ «Մալաթիա» տոնավաճառի առևտրականների մի մասն արդեն իսկ տեղափոխվել է «Առինջ Մոլ» և հնարավորություն ստացել հանապազօրյա հացը վաստակել Գագիկ Ծառուկյանի ստեղծած առևտրի կենտրոնում: Ողջունելի է, որ նման բարդ իրավիճակում հայտնված քաղաքացին ելք է գտնում թնջուկի լուծման համար և հուսահատությունից դրդված ստիպված չի լինելու գնալ ծայրահեղ քայլերի: Հետագայում էլ, միգուցե, Ծառուկյանի քայլերից ոգևորվելով՝ մեր մյուս գործարարներն էլ սկսեն անտարբեր չմնալ ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Եթե մարդիկ իրար հանդեպ անտարբեր չլինեն, հավատացեք՝ մեր երկրում ամեն ինչ շատ ավելի լավ կդառնա:

Բեգլար Դավթյան