ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանի պատգամավորական մանդատը հանձնել է ՀՅԴ համամասնական ցուցակի հաջորդ համարի թեկնածու Կարեն Շահմուրադյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 2-ին տեղի է ունեցել ՀՀ ԿԸՀ նիստ, որի օրակարգում նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանի պատգամավորական մանդատը ՀՅԴ համամասնական ղուցակի հաջորդ թեկնածուին հանձնելու հարցն էր:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստի մասնակիցներին հայտնեց, որ փետրվարի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ուղարկվել գրություն, որին կից եղել է արձանագրություն ՀՅԴ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Արծվիկ Մինասյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին:

«Նման դեպքերում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի՝ պատգամավորական մանդատը ստանում է կուսակցության համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Մուկուչյանը:

Մուկուչյանը ասել է, որ ՀՅԴ համամասնական ցուցակի անդամներից որևէ մեկն ինքնաբացարկ չի ներկայացրել, ուստի Արծվիկ Մինասյանի պատգամավորական մանդատը փոխանցվում է ցուցակի հաջորդ համարի թեկնածու Կարեն Շահմուրադյանին:

Համապատասխան արձանագրությունը ստորագրել են հանձնաժողովի բոլոր անդամները: Տիգրան Մուկուչյանը հավելել է, որ հաստատված արձանագրության մեկ օրինակ կուղարկվի Ազգային ժողովի նախագահին:

Հիշեցնենք, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում: