«Արդեն մի քանի օր է Չարենցավանի ու Աբովյանի բնակիչները Երևան հասնելու հետ կապված խնդիր ունեն կապված տրանսպորտի վատ աշխատանքի կամ գրեթե բացակայության հետ։ Պատճառը այդ ուղղությունները սպասարկող «Քինգ դե Լյուքս» ընկերության սնանկացումն է և դրան հաջորդած գործընթացը։
Եվ մինչ քաղաքացիները ստիպված տաքսիներից են օգտվում կամ ժամերով սպասում Գագիկ Ծառուկյանի բարեգործական կոչվող ՊԱԶ-երին, Ծառուկյանի սանիկ և նրա հետ հակասությունների մեջ գտնվող Արթուր Հարությունյանին՝ Պալաչին պատկանող «Քինգ դե լյուքս» ընկերության ղեկավարությունն ու ողջ աշխատակազմը «փախած են»։ Արթուր Հարությունյանն արդեն մի քանի օր է անհասանելի է. ընկերության քաղաքային հեռախոսահամարները չեն պատասխանում։ Տնօրեն Արթուր Եղոյանն էլ, երեկ պատասխանելով սեփական բջջայինին մեզ վստահեցրեց, որ դա ինքը չէ։ Ասաց, որ «Եղոյանը հեռախոսը թողել է օֆիսում ու դուրս եկել», իսկ ինքը վարորդն է։ Երբ հետաքրքրվեցինք, թե ինչու օֆիսի հեռախոսին չեն պատասխանում մեր զրուցակիցը անջատեց հեռախոսը։
Տեղեկություններ կան, որ Գագիկ Ծառուկյանը, որը լուրջ հակասություններ ուներ Պալաչի հետ, պատրաստվում է գնել Երևան-Չարենցավան, Երևան-Աբովյան երթուղիները»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: