«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ինտեր լոտո» ՍՊԸ-ն, որին է պատկանում Հայաստանում ներկայումս վաճառվող բազմատեսակ լոտոների մեծ մասը, պատրաստվում է ևս մեկ վիճակախաղ սկսել։ Հայաստանի քաղաքացիներին խաղամոլ դարձնելու տարիների պատմության մեջ մի ուշագրավ կողմ կա, մինչ այժմ բազմաթիվ ընկերություններ են վիճակախաղի բիզնեսով զբաղվել, բայց որոշ ժամանակ անց փակվել են։ Իսկ «Ինտեր լոտո» ՍՊԸ-ն շարունակում է վիճակախաղերի ցանկն ընդլայնել։
Քաղաքական շրջանակներն այս երևույթը բացատրում են նրանով, որ այդ ընկերությունը կապված է մի քանի օր առաջ ՀՀ կրթության և գիտության նախարար նշանակված Լևոն Մկրտչյանի ընտանիքի հետ։ «Ժողովուրդ»-ը նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանից փորձեց պարզել, թե վերը նշված ընկերության հետ ինչ կապ ունեն նախարարը և նրա եղբայրը՝ Վահագն Մկրտչյանը։
Ի պատասխան նա ասաց. «Կրթության և գիտության նախարարը ոչ մի առնչություն չունի այդ ընկերության և բիզնեսի հետ։ Իսկ Վահագն Մկրտչյանը, ինչպես գիտեք, հատնի գործարար է»։ Ի դեպ, «Արմենիա» գինու գործարանն էլ է նույն Մկրտչյանի հետ կապվում»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: