«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի դստեր՝ Լիա Հունանյանի շուրջ աղմուկը չի դադարում։ «Ժողովուրդ»- ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալի դուստրը ճանապարհային ոստիկանության հետ տարաձայնություններից բացի՝ խնդիրներ ունի նաև բժիշկների հետ։ Ավելին՝ գործընթացը հասել է դատարան։

Արդեն տևական ժամանակ է, ինչ նախկին ոստիկանապետի դուստրը հայցերով դիմում է դատարան, սակայն փաստաթղթերի ոչ լիարժեք լինելու պատճառով դատարանը ստիպված է լինում Լիա Հունանյանի հայցերը չընդունել վարույթ։ Սակայն վերջինս որևէ կերպ չի հանձնվում և տեխնիկական հերթական խնդիրը կարգավորելով՝ կրկին դիմում է դատարան։ Իսկ ո՞րն է պատճառը։

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Լիա Հունանյանը 2016 թվականի հունվարի 19-ին դիմել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «ԱՐԹՄԵԴ» բժշկական վերականգնողական կենտրոն ՓԲԸ-ից փոխհատուցում պահանջելով։ Ոստիկանի դուստրը պահանջում է, որ ՓԲԸ-ի բժիշկ Արայիկ Ղարիբյանը փոխհատուցի իրեն՝ առողջությանը պատճառված վնասը գնահատելով 5 միլիոն 78 հազար 900 դրամ։

Տեղեկացնենք, որ այս գործով դատական նախնական նիստը նշանակված է մարտի 10-ին։ Իսկ թե ինչի համար է գեներալ-մայորի դուստրը՝ Լիա Հունանյանը, դատի տվել կենտրոնին, փորձեցինք պար– զել ԲԿ-ի բժիշկ Ա. Ղարիբյանից, սակայն վերջինս հրաժարվեց դատական պրոցեսի հետ կապված որևէ պատասխան տալ՝ նշելով թե դեռ քննություն է ընթանում։

Նշենք, որ Լիա Հունանյանը վերջին տարիներին մի քանի անգամ աչքի ընկավ աղմկալի դեպքերով։ 2016 թվականի փետրվարի 8-ին «Նիսան» մակնիշի մի ավտոմեքենա բախվել էր էստակադային ու գլխիվայր շրջվել։ Ըստ տարածված տեղեկությունների՝ վթարի հեղինակը հենց ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի դուստրն էր՝ Լիա Հունանյանը։ Պարզվել էր, որ Լիան ոչ սթափ վիճակում է եղել։ Ու բավական չէր, որ ալկոհոլի ազդեցության տակ բախվել էր էլեկտրասյանը, դեռ մի բան էլ որոշել էր կատարվածում մեղադրել ոստիկաններին։

Բացի այդ՝ 2013 թվականի նոյեմբերի 12-ին Երևանում՝ Մոսկովյան 23 շենքի դիմաց, նա դարձյալ վթարի մասնակից էր դարձել և դուրս գալով ավտոմեքենայից՝ մոտ 20 րոպե հասարակական վայրում հայհոյանքներ ու սպառնալիքներ էր հնչեցրել ոստիկանների և ներկաների հասցեին։ Ու թերևս նրա պահվածքն էր պատճառը, որ ոստիկանությունում փորձեցին օր առաջ ազատվել Հովհաննես Հունանյանից»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: