Վարչապետ Հովիկ Աբրահամյանն երեկ՝ մարտի 12-ին, ընդունել է Հայաստանի համայնքների կին ղեկավարներին և քաղաքային համայնքների ավագանու կին անդամներին:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել կանանց դերը երկրի քաղաքական, տնտեսական, հասարակական կյանքում: Վարչապետը կարևոր է համարել տարբեր բնագավառներում, այդ թվում, տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ներգրավվածությունը, կանանց դերի հետևողական բարձրացումը:
«Մեր քայլերն ուղղված են լինելու ձեր դերակատարության հետևողական բարձրացմանը, մեր երկրի քաղաքական, տնտեսական կյանքում ներգրավվածության մեծացմանը, որպեսզի տարբեր ոլորտներում դուք լինեք ավելի ակտիվ: Մեր աջակցությունը ձեզ այդ հարցում լինելու է տեսանելի»,- ընդգծել է Հովիկ Աբրահամյանը;
Այնուհետև հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է համայնքների կին ղեկավարներին և քաղաքային համայնքների ավագանու կին անդամներին հուզող մի շարք հարցերի, որոնք վերաբերել են տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը, մարզերում առկա խնդիրներին և այդ ուղղությամբ նախատեսվող ու իրականացվող աշխատանքներին, ՏԻՄ-երում կանանց դերի մեծացմանը և այլն:
Բարձրացված հարցերի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն: Վարչապետ Աբրահամյանը կարևորել է տարածքային համաչափ զարգացումը և նշել, որ այդ նպատակով գործադիրն իրականացնում է հետևողական քայլեր, բազմաթիվ ծրագրերի միջոցով աստիճանաբար փորձելով լուծել մարզերում առկա տարբեր խնդիրներ: