Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվող Եվրոպայի առաջնության 59 կգ քաշային կարգի եզրափակիչում 32-ամյա Ամոյանը 0:8 հաշվով պարտվեց ռուսաստանցի Մինգիյան Սեմյոնովին և հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2016թ. փոխչեմպիոն:
Առաջին մրցափուլում Սեմյոնովն ուժեղ գտնվեց 7:0 հաշվով, իսկ երկրորդ մրցափուլի սկզբնամասում վաստակեց ևս մեկ միավոր և հաղթեց ժամանակից շուտ:
Հիշեցնենք, որ Ռոման Ամոյանը մեկնարկային գոտեմարտում 9:0 հաշվով հաղթել էր խորվաթ Իվան Լիզատովիչին, իսկ քառորդ եզրափակիչում ուժեղ էր գտնվել վրացի Իրակլի Շավաձեից՝ 13:6: Կիսաեզրափակիչում էլ նա 4:0 հաշվով պարտության էր մատնել ուկրաինացի Դմիտրո Ցիմբալյուկին:
Մեր երկրը եզրափակչում ևս մեկ մասնակից ունի՝ 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, ով ոսկե մեդալի համար մրցելու է ռուս Նիկիտա Մելնիկովի հետ:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մէջ էին մտել նաև Միհրան Հարությունյանը (66 կգ) և Էդգար Խաչատրյանը (130 կգ), ովքեր մեդալ չնվաճեցին: