«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Հովհաննես Հովսեփյանին ՊԵԿ նախագահ նշանակելուց հետո, ինչպես նշել էինք, դադարել է, այսպես կոչված, «կարգոների» աշխատանքը: Դրանք ընկերություններ են, որոնց միջոցով գորածարարները ներկրում և մաքսազերծվում են իրենց ապրանքները:

«Կարգոների» գործունեության դադարեցման հետևանքով, ըստ մեր հավաստի տեղեկությունների, Հայաստան ներկրվող որոշ ապրանքների դեֆիցիտ է նկատվում: Այն դեռ միայն մեծածախ շուկայում է, բայց այսպես շարունակվելու դեպքում մոտ 20-30 օր հետո կտեղափոխվի նաև մանրածախ շուկա:

Խոսքը կենցաղային սարքավորումների, տեխնիկայի, հագուստեղենի մասին է: Խնդիրն այն է, որ նախկինում «կարգոները» որոշակի վճարի դիմաց և մաքսայինի հետ «համագործակցելու» շնորհիվ ներկրողների ապրանքները մաքսազերծվում էին քաշով, իսկ հիմա ցանկացած ապրանք մաքսայինը մաքսազերծվում է հատով և բացառապես հսկիչ գներով, որոնք աստղաբաշխական են, և փոքր ու միջին գործարարներն այսպիսի գներով մաքսազերծումից հետո ոչ մի կերպ չեն կարող մրցակցել խոշոր ու ստվերում աշխատող խոշոր բիզնեսի հետ: Այդ իսկ պատճառով փոքր ու միջին ներկրողները ժամանակավորապես դադարեցրել են ներկրումները»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: