Թութքը (հեմորոյ ուղիղ աղիքի երակներից ձևավորված հանգույցներ է, որոնք առաջանում են ուղիղ աղիքում և առհասարակ փոքր կոնքի խոռոչում՝ անոթային շրջանառության կանգ առնելու հետևանքով։
Այսօր այս տհաճ հիվանդությունը միլիոնավոր մարդկանց կենցաղի անբաժանելի մասն է։ Ընդ որում, թութքով տառապողների մեծ մասը վիրահատական բուժում ստանալու կարիք չունի, հարկավոր է միայն պահպանել առողջ ապրելակերպի կանոններն ու հատուկ սննդակարգով առաջնորդվել։
Թութքի առկայության մասին են վկայում քորը, արյունահոսությունը, ցավը, որը երբեք չպետք է անուշադրության մատնել։
Սառը լոգանքները շատ արդյունավետ է թութքի ցավը մեղմելու, այն հանգստացնելու և բուժելու համար։ Այս միջոցը հատկապես օգտակար է արտաքին թութքի ժամանակ։ Փոքր տարայի մեջ լցնել ջուր, ավելացնել ծովի աղ և նստել ջրի մեջ 15 րոպե։ Կարելի է նաև սառը կոմպրես դնել անմիջապես հետանցքի վրա։ Այն կթուլացնի ուռածությունը, անհանգստությունը և ցավը։
Ճիշտ սնվելու շնորհիվ հնարավոր է ոչ միայն կանխարգելել, այլև բուժել թութքը, քանի որ այս հիվանդությունն ուղղակիորեն պայմանավորված է աղիների աշխատանքով։ Իսկ աղիների նորմալ գործունեությունը կախված է միմիայն ճիշտ ու կանոնավոր սնվելուց։
Թութքով տառապողներին խորհուրդ է տրվում՝
• սնվել կանոնավոր, ամեն օր միևնույն ժամին,
• փորկապությունների դեպքում սննդակարգում ներառել մեծ քանակությամբ բուսական բջջանք պարունակող սննդամթերք,
• ավելացնել հեղուկների գործածումը՝ հասցնելով օրական 1,5-2 լիտրի,
• սահմանափակել խմորային ուտելիքների գործածումը,
• պարբերական բնույթ կրող փորլուծությունների դեպքերում անմիջապես խորհրդակցել բժշկի հետ՝ երևույթի պատճառը պարզաբանելու համար, քանի որ նման երևույթը հաճախ խոսում է ստամոքսաղիքային համակարգի լուրջ հիվանդությունների մասին,
• սննդակարգից բացառել սուր, կծու, թթու, աղի ուտելիքները, ինչպես նաև՝ ալկոհոլային խմիչքների օգտագործումը։