2016թ. մարտի 17-ին, ժամը 15:00-ին Վեդի քաղաքի Խաչիկ Սողոմոնյանի անվան N2 հիմնական դպրոցում, VԱ դասարանի մասնակցությամբ տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ նվիրված մերօրյա անմահ հերոս Արտակ Վաղարշակի Սարգսյանին:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Զինկոմիսարիատի նախազորակոչային բաժանմունքի պետ` մայոր Վահե Աղալարյանը, տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետի տեղակալ` գնդապետ Վանիկ Մինասյանը, «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի էքսկուրսավար` լեյտենանտ Լիլիթ Մինասյանը, Արարատի զինկոմիսար Գրիգոր Սայադյանը, Վեդու զորամասի հրամանատար փոխգնդապետ` պարոն Խաչատրյանը, Արարատի փոխմարզպետ` պարոն Շադյանը, Վեդու փոխքաղաքապետ` պարոն Սարոյանը, Վեդու Սուրբ Աստվածածին եկեղեցու Հոգևոր հովիվ և դպրոցի լավագուն բարեկամ Տեր Հովակիմ քահանա Հարությունյանը, մանկավարժներ, զոհված ազատամարտիկների հարազատներ, Արտակ Սարգսյանի ծնողները, հարազատները և դասընկերները:
Դպրոցի տնօրեն` տիկին Ն. Անդրեասյանը բարձր մակարդակով ընդունեց հյուրերին, ընդառաջեց նրանց հերոսների անմահ հիշատակը հավերժացնող հուշանկյան մոտ, որտեղ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին զոհված մարտիկներին: Այնտեղից տեղափոխվեցին VԱ դասարանի դասասենյակ, որը պետք է անվանակոչվեր Արտակ Սարգսյանի անվամբ: Դասարանի բացման և կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց հերոսի մայրիկին` տիկին Անահիտին:
Դահլիճում միջոցառման համերգային մասը սկսեցին Տեր Հոր օրհնությամբ և տերունական աղոթքով, ապա մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների անմահ հիշատակը:
Միջոցառումը հուզել էր բոլորին: Բոլորը հուզված էին: Բոլորին մեկ ցավ էր կապել:
Միջոցառման համերգային մասը ավարտվեց ՀՀ պաշտպանության նախարարության սպայի տան զորական անսամբլի ելույթով, գեղարվեստական ղեկավար՝ Արամ Գալստյան:
Հյուրերը իրենց սրտի խոսքը ուղղեցին որդեկորույս Անահիտ մայրիկին, մխիթարելով և սփոփելով նրա սրտի ցավը:
Հավարտ միջոցառման Տեր Հայրը եկեղեցու և երիտասարդաց միության անունից միջոցառման մասնակից երեխաներին նվիրեց աղոթագրքեր և օրհնված խաչեր, իսկ զինվորի մայրիկին, դասղեկին և դպրոցի տնօրենին փոքրիկ հուշանվերներ:
Նշենք, որ Արտակ Սարգսյանը ծնվել է 1993թ. հուլիսի 27-ին Վեդի քաղաքում: Սովորել է Վեդու թիվ 2 հիմնական դպրոցում: Գեղեցկադեմ էր, բարի, ընկերասեր: Շատ է սիրել մաթեմատիկա առարկան: Հաճախ մասնակցել է մաթեմատիկական մրցույթների, և ստացել պատվոգրեր: Անհագ հետաքրքրություն ուներ հայոց պատմության նկատմամբ: Չէր սիրում ստախոսներին և վախկոտներին: Արտակը ստիպված է լինում թողնել ուսումը և աշակերտական նստարանին դեռ լիարժեք հրաժեշտ չտված ուսերին առնել հոր` ոստիկանության նախկին ծառայող Վաղարշակ Սարգսյանի բուժման հոգսը: Շատ էր սիրում կյանքը, բայց կյանքից շատ սիրում էր իր հայրենիքը: 2015թ.-ի հունվարի 23-ին թեժ պայքարի ընթացքում փոխհրաձգության ժամանակ Արտակը ընկերոջ կյանքը փրկելով արիաբար զոհվում է:
Հավերժ փառք քեզ հերոս, որ քո կյանքը զոհեցիր հանուն մեր խաղաղ առավոտների:
Պատրաստեց՝ Սիրարփի Մարգարյանը